Image result for ներդրումներԵվրոպական միությունը, որը մի հարկի տակ է հավաքել 2 տասնյակից ավելի երկրների, իր քաղաքականությունը կառուցում է արդի աշխարհում առկա մարտահրավերներին համապատասխան, որոնց դիմագրավելու համար Եվրոպական զարգացման քաղաքականության մեջ առանձին տեղ է հատկացվում նաև հարևան երկրների հետ համագործակցությանը և հարաբերությունների կառուցմանը: Այս մասին հանգամանալից կերպով նշվում է նաև ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահներ Կրիստալինա Գեորգիեևայի և Յուրկի Կատայնենի համահեղինակած հոդվածում, որում նախանշվում է Եվրոպական զարգացման քաղաքականության նոր փուլի տեսլականը:

ԵՄ-ն նախատեսում է 5 տարվա կտրվածքով կես տրիլիոն եվրո մոբիլիզացնել ներդրումային ծրագրեր իրականացնելու համար: Կազմակերպությունը իր առջև նպատակ է դրել ստեղծել Արտաքին ներդրումների ծրագիր ԵՄ-ի սահմաններից դուրս այն կյանքի կոչելու համար, որը պետք է ապահովի ԵՄ արտաքին քաղաքականության արդյունավետությունը: ԵՄ-ի և նրան հարևան տարածաշրջանների գործակցության համատեքստում առանձնանում է նաև Հարավկովկասյան տարածաշրջանը, որի մաս կազմող երկրների հետ ԵՄ-ն ունի առանձնահատուկ շահեր:

Եվրոպական ընտանիքի հետ համագործակցության խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր վեկտորներից է: ՀՀ-ն, լինելով ԵՏՄ անդամ, փորձում է նոր ձևաչափով համագործակցային հարաբերություններ ստեղծել թե՛ ԵՄ-ի և թե՛ նրա մաս կազմող առանձին երկրների հետ: ԵՄ-ն իր հերթին ընբռնումով է մոտենում աշխարհաքաղաքական տեսանկյունից Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին` Հայաստանը դիտարկելով որպես ԵՏՄ-ի երկրների և Իրանի հետ տարվող քաղաքականության շղթայի անբաժան օղակներից մեկը: Ըստ ամենայնի` ԵՄ-ի ստեղծած ներդրումային ծրագրի շրջանակում ֆինանսական ներդրումների տեսքով ներարկումներ կարվեն հայաստանյան տնտեսության մեջ` ստեղծելով նոր հիմք ԵՄ-Հայաստան գործակցության առավել խորացման համար: Եթե հաշվի առնենք նաև Հայաստանի պետական կառավարման համակարգում տեղի ունեցող փոփոխությունները, ապա կարելի է ասել, որ ՀՀ-ում եվրոպական ներդրողների համար կանաչ լույս է բացվում գործունեություն ծավալելու լայն ճանապարհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել