Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, երկրի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է Պաշտպանության նախախարությանը հատկացնել մեկ միլիարդ դոլարի չափով գումար ռազմական ծախսերը հոգալու համար։ Սա նախատեսված է 2017 թվականի բյուջեով։ Արտառոց ոչինչ չէր լինի այս իրողության մեջ, եթե, օրինակ, համեմատության համար չարձանագրեինք, որ անցյալ տարիների ընթացքում, իսկ ավելի կոնկրետ՝ անցյալ տարի, Ադրբեջանն իր պաշտպանական ծախսերը ամրացնելու համար ծախսել էր հինգ միլիարդ դոլար։ Թե ինչով է այս ամենը պայմանավորված, դժվար չէ կռահել։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանում վերջին տարվա մեջ կտրուկ ընկել են նավթի գներն ու կրճատվել են երկրի պետական ծախսերը։ Բավականին հետաքրքիր է դառնում, թե ինչպիսին կլինի այս երկրի քաղաքական արտաքին ու ներքին կուրսը՝ արդեն բյուջեի պաշտոնական հաստատումից հետո։ Իլհամ Ալիևի վարչակարգը մշտապես միտված է եղել մանավանդ արտաքին քաղաքական հարցերում, հատկապես Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրում հանդես գալ ռազմատենչ հռետորաբանության տեսանկյունից։ Ոչ վաղ անցյալում նավթադոլարներից ստացված եկամուտով Ադրբեջանին հաջողվել էր նորանոր զինտեխնիկայով զինել իր բանակն ու բերել բարձր մարտունակության։ Ինչ-որ իքս պահի նաև արտաքին աջակցության շնորհիվ Ալիևը սանձազերծեց ապրիլյան քառօրյան։ Թե ինչ եղավ հետո, բոլորին է պարզ, սակայն փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանի նախագահը դեռ վաղուց էր հասկացել ռազմական բյուջեի նվազման միտումներն, ու պատերազմի սանձազերծումը կապված է հենց այդ ծախսերը կոմպեսացնելուն։ Այսինքն՝ եթե հաջողվեր արագ բլից կրիկը, Ադրբեջանը կարող էր սեփական հանրությանը բացատրել, թե ինչու այսքան շատ միջոցներ ծախսվեցին բանակի վրա։ Սակայն իրադարձությունները ցույց տվեցին, որ այժմ ալիևյան վարչակարգը կանգնելու է շատ լուրջ խնդիրների առաջ։
Սրան գումարած՝ պակաս կարևոր խնդիր չէ նաև երկրի ներսում աճման միտումներ գրանցող ընդդիմադիր ալիքը։ Վերջին շաբաթներին Բաքվի արվարձաններից մեկում ադրբեջանական ընդդիմությունը հանրահավաք էր նախաձեռնել՝ իր դժգոհությունն արտահայտելու օրեր առաջ երկրում կազմակերպված սահամանդրական հանրաքվեին, որտեղ ըստ առաջարկվող պլանի՝ երկրի նախագահի լիազորությունները երկարացվում էին ևս երկու տարով՝ 5-ից դառնալով 7 տարի։ Դրան գումարած նաև այն, որ ըստ նոր սահմանադրության՝ հետայսու երկրի նախագահ կարող է դառնալ 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ։ Ադրբեջանական մամուլը գրում է, որ այս ամենը միտված է նրան, որ երկրում իշխանությունը աստիճանաբար փոխանցվի Ալիևի կրտսեր որդուն՝ պապի անունը կրող Հեյդարին։
Ամեն դեպքում, ինչ էլ որ լինի, եթե պաշտոնական թվերով է ռազմական բյուջեն գումար խնայելու նպատակով կրճատվել մոտավորապես չորս անգամ, ապա կարելի է արդեն վստահաբար ասել, որ Իլհամ Ալիևին գալիք տարում բավականին ծանր օրեր են սպասվում։ Նախ՝ շարունակում է չլուծված մնալ Ղարաբաղյան հիմնահարցը և հետո՝ գնալով ահագնանում են երկրում ներքաղաքական լարումները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել