Վերջին շրջանում բավականին բուռն քննարկումների առիթ էին դարձել կառավարության կառուցվածքային փոփոխությունները: Հնչում էին տրամաբանական հարցադրումներ. ի՞նչ կտա այս ամենը, արդյոք կառավարությունը կսահմանափակվի՞ միայն կոսմետիկ փոփոխություններով: Ճիշտ է, առաջին փուլում դժվար էր հստակ կանխատեսումներ անել, բայց այսօրվա կառավարության նիստի քննարկումներից երևում է, որ խնդիրների լուծումները մտնում են գործնական փուլ, ու գործադիրը գնում է պետական բյուջեի օպտիմալացման:
Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետն, անդրադառնալով կառավարության կառավարմանը և կառուցվածքին, գործադիր իշխանության բոլոր մարմիններին հանձնարարեց դիտարկել իրենց կառավարման ոլորտում գործող ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի հետագա գործունեության նպատակահարմարության հարցը. «Ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների թվի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ: Այն ՊՈԱԿ-ները, որոնց գործունեությունը համարում եք նպատակահարմար, դրանք գործունեությունը պետք է լինի հիմնավորված, գործառույթները լինեն հստակ ու չկրկնվող»:
Կարծում եմ՝ ցանկացած պետական հիմնարկ, գերատեսչություն՝ նախարարությունից մինչև ԾԻԳ և ՊՈԱԿ, չափելի ցուցանիշներով պետք է ապացուցեն իրենց կարևորությունն ու արդյունավետությունը: Այսօր մեծ թվով պետական մարմիններ շատ դեպքերում ֆունկցիոնալ առումով կրկնվում են: Հասունացել է այն պահը, որ պետությունը պետք է վիրահատական միջամտություն անի: Մյուս կողմից էլ գործընթացը ֆորմալ առումով չպետք է լինի արհեստական, քանի որ դրանից կարող է նվազել պետական ապարատի արդյունավետության մակարդակը:
Թե ինչ կտան այս փոփոխությունները, ցույց կտա ժամանակը, սակայն արդեն երևում է, որ գործընթացը մտնում է գործնական փուլ: