Քանի որ վերջերս ռուսական ինչ-որ մանդր չինովնիկի փայլուն «մտահղացմամբ» հրապարակված ցուցակով ես արդեն «ամերիկյան շպիոն եմ», իսկ հայտնի ուլտաարևմտամետի լրագիրյան ցուցակով էլ՝ «ռուսական շպիոն» (էս դեպում մեղմեցի), որպես բազմակողմանի մասնագիտացած «շպիոն»՝ խորհուրդ եմ ուզում տալ Հայաստանում գերտերությունների քաղաքականությունն իրականացնողներին:
Հարգելի ամերիկացիներ ջան, հանրային լաչառությունը խրախուսելով կամ ռուսաֆոբիայի քարոզը չտեսնելու տալով, մեծ արդյունքների չեք հասնելու: Սա այդ երկիրը չէ: Հայաստանը ձեզ մոտեցնելու համար խթանեք, որ Սթարբաքսը մտնի երկիր, օգնեք, որ հայ զինվորը ավելի սպառազինված ու պաշտպանված լինի, օգնեք, որ մեր բժշկությունն արագ առաջ գնա: Վստահե՛ք իմ դարավոր «շպիոնական» փորձին:
Հարգելի ռուսներ ջան, մի փորձեք, վախեցնելով կամ սրան-նրան ամերիկյան շպիոնի պիտակը կպցնելով, Հայաստանը ձեր ազդեցության տակ պահել. այդպես մեծ արդյունքների չեք հասնելու: Սա այդ երկիրը չէ: Հայաստանը ձեզ մոտեցնելու նպատակով բարձրդասարանցիների համար պարբերական այցեր կազմակերպեք Սանկտ-Պետերբուրգ և ամառային դպրոցներ Մոսկվայի պետական համալսարանում, հասարակական կազմակերպություններին զարգացման ծրագրեր պատվիրեք և ընդգրկուն մշակութային միջոցառումներ արեք՝ հաղթողներին խրախուսելով Большой театр-ի տոմսերով և այցով երկուսի համար: Վստահե՛ք իմ դարավոր «շպիոնական» փորձին:
Հայաստանին կարելի է քեզ մոտեցնել միայն սիրով ու առաջընթացով, մնացած բոլոր ճանապարհներն ինքնախաբեություն են և սեփական երկրների կառավությունների աչքերին թոզ փչող վատ չինովնիկների անպիտան նախաձեռնություններ: