Image result for ՀՀ ԿառավարությունԿարծես թե աստիճանաբար ձևավորվում է Հայաստանի Հանրապետության նոր Կառավարությունը։ Վերջնական կազմը դեռ հայտնի չէ, սակայն անդամների փոփոխության թվով այս կառավարությունը հավակնում է լինել աննախադեպ։ Հստակեցնենք, թե ինչու ենք այսպես ասում։
Փաստորեն, Կառավարության նորանշանակ նախարարներից շատերը գոնե հանրության լայն շերտերի համար մինչ այս պահը եղել են անհայտ։ Հետևելով քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումներին՝ կարելի է եզրակացնել, որ նրանցից շատերը իրենց նշանակման մասին նույնիսկ չեն էլ կռահել ու անակնկալի եկել։ Ինչ խոսք, սա լավ է, որովհետև սովորաբար Հայաստանի Կառավարությունների նախորդ փոփոխությունները աչքի են ընկել ընդամենը դերակատարների տեղերի փոփոխությամբ։ Բայց սա միայն փոփոխությունների արտաքին մասն է, դեռ պետք է համոզվել՝ արդյոք սրանք կարող են դառնալ իրական փոփոխությունների սկիզբ, թե ոչ։ Նրան, ովքեր պահպանեցին իրենց պորտֆելը, երևի թե արդեն հասկանում են, որ պետք է գործեն կրկնակի եռանդով, որովհետև Կարեն Կարապետյանն արդեն իսկ հասկացրել է, որ «գլուխ պահողներին» չի հանդուրժելու։ Մեր պետական կառավարման խնդիրը այն է, որ ամբողջ իշխանությունը գերկենտրոնացված է եղել մեկ գերատեսչության մեջ։ Բոլոր որոշումները ընդունվել են մեկ կետից, տարիների ընթացքում պետական ինստիտուտներից մնացածը աստիճանաբար կորցրել են իրենց նշանակությունը, որոնք առանց այն էլ մշտապես եղել են կայացման փուլում։ Այժմ կարծես թե փորձ է արվում, այսպես ասած, ստատուս տալ այդ գերատեսչություններին ու ինչու ոչ՝ հնարավորություն գերկենտրոնացված իշխանությունը աստիճանաբար թեթևացնելու համար։ Սրա համար, ինչ խոսք, մեկ կամ երկու ամիսը բավարար չէ։ Սրա համար շատ կարևոր է ունենալ ամուր քաղաքական համակարգ, տնտեսությունը գոնե պիտի տեսանելի փոփոխություններ արձանագրի, որը ի վերջո կհանգեցնի Կառավարության հանդեպ հանրային վստահության աճի։ Դա էլ իր հերթին կապահովի երկրի բնականոն զարգացման ցիրկուլացիան ու աստիճանաբար կուրվագծվի զարգացող պետության տեսլականը։ Սրանք, իհարկե, դեռ պետք է իրականություն դառնան, որովհետև բացի ներքին մարտահրավերներից՝ Հայաստանը մեծապես կախված է նաև աշխարհագրական զարգացումներից։ Եվ քանի դեռ մեր երկրի առաջ ծառացած է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, մենք պետք է այս երկու կոմպոնենտները համադրենք իրար։ Այլ կերպ հնարավոր չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել