Image result for Spitakci HaykoԽոսելով Հայաստանում տիրող բարոյահոգեբանական առումով բավականին ծանր մթնոլորտի մասին՝ մենք՝ հասարակության անդամներս՝ տարբեր ոլորտներում շատ հաճախ դժգոհում ենք, թե ինչու 21-րդ դարում, գիտական ու տեղեկատվական զարգացման սարսափելի տեմպեր արձանագրող աշխարհում Հայաստանը չի զարգանում կամ զարգանում է շատ նվազ տեմպերով, և, ինչպես յուրաքանչյուր հայ, պատճառ բերում վատ կառավարման համակարգն ու առհասարակ քաղաքական դաշտի կաթվածահարությունը։ Սակայն որպեսզի հասկանալի լինի, թե ինչու է Հայաստանը այսպիսի վիճակում, նախևառաջ պետք է հասկանալ, որ պատճառները գտնվում են տարբեր ոլորտներում, երկրի սոցիալական սպեկտրն ընդգրկող գրեթե բոլոր ճյուղերում՝ գիտություն, սպորտ, մշակույթ, առողջապահություն և այլն։ Դերաբաշխվածությունը առհասարակ խախտված է մեր երկրում, ու դա նորություն չէ։ Կարելի է ասել նույնիսկ՝ արդեն սովորել ենք դրան։ Սովորել ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը բացեիբաց պիտի հայտարարի, որ Ֆեդերացիայի նախագահն է ղեկավարում թիմը իրականում՝ ակամայից իր մասին պատմվող անեկդոտները լեգիտիմացնելով (Վարուժան Սուքիասյանը թաղման բյուրոյի նախագան էր), Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը երաժշտական միջոցառումների ժամանակ պիտի ժյուրիի կազմում նշանակի Սպիտակցի Հայկոյին, ով, ի դեպ, Հայաստանի ժողովրդական արտիստ է ( Սայաթ-Նովան երևի գերեզմանում չորս անգամ շուռ է եկել՝ այս պատմությունն իմանալով) և այսպես շարունակ։ Արժեզրկելով ու փոշիացնելով ոչ միայն մի ամբողջ մշակութային ժառանգություն, այլ նաև լեգիտիմացնելով ցածրորակ երաժշտությունը՝ մեր պետական գերատեսչությունները կարծես դիտմամբ ամեն ինչ անում են այդ գործընթացը օր առաջ ցավալի վախճանի հասցնելու համար։ Անվանի մտավորականության ճնշող մեծամասնությունը արտագաղթել է Հայաստանից, կեսը գտնվում է չքավորության եզրին։ Նրանք ովքեր իսկապես մնայուն արժեքներ են ստեղծել երկրի համար, այսօր գրեթե մոռացված ու լքված են, մինչդեռ ռաբիզ ու քաղքենի մտածելակերպն այսօր դարձել է գերիշխող մեզանում։ Ի վերջո, մի՞թե չի գտնվելու մեկը կամ մի քանիսը, ովքեր վերջապես կհասկանան, որ բավական է ծաղրել մի ամբողջ մշակութային ժառանգություն, բավական է բռնանալ ու սեփականաշնորհել սպորտը կամ դրա առանձին հատվածները։ Միգուցե նման մարդիկ այդ նույն եռանդով «բռնանան», օրինակ, գիտության վրա՞, ներդրումներ ու կոչումներ տան գիտնականներին ու ստեղծագործ մարդկանց։ Դժվար թե... որովհետև այսօր գիտությամբ «փող չես աշխատի»։ Այս պարագայում, ցավոք, բացի մեզանից՝ ոչ մեկից նեղանալու որևէ հիմնավոր պատճառ չունենք։ Սպիտակցի Հայկոյի կամ Թաթուլի դեմ անձնային առումով ոչինչ չունեմ, սակայն երբ Հանրային հեռուստաընկերությունը դժգոհում է իր վարկանիշից, ապա թող հիշի, որ, օրինակ, ես չէի, որ վերջիններիս հրավիրում է այսպես կոչված երկրի «թիվ մեկ» երաժշտական հաղորդման ժյուրի։ Մշակույթի նախախարը թող չդժգոհի, որովհետև հաստատ ես չէի, որ Արման Հովհանիսյանի կլկլոցների համար նրան ժողովրդական արտիստի կոչում էի շնորհում, ու Ռուբեն Հայրապետյանը թող չդժգոհի, երբ Հայաստանի ազգային հավաքականը իր սեփական զզվելի ու ավատատեր բնավորության պատճառով այսօր Ֆարերյան կղզիներից էլ ցածր հորիզոնական է զբաղեցնում Աշխարհի վարկանիշային աղյուսակում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել