Վերջին շրջանում սրվել են ռուս-բելառուսական հարաբերությունները։ Ինչպես գիտենք, Ռուսաստանն ու Բելառուսը հանդիսանում են ԵԱՏՄ անդամ և պատմականորեն ձևավորված հարաբերություններից բացի՝ այս երկու երկրները հանդիսանում են նաև միմյանց հանդեպ տնտեսական առումով շատ կարևոր երկրներ։ Տարաձայնությունները հիմնականում արտահայտվում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից։ Վերջինս անընդհատ իր հայտարարություններում շեշտում է, որ Ռուսաստանը փորձում է իր քաղաքական կամքը թելադրել Բելառուսին, որը ոչ մի կերպ ո՛չ ինքը, ո՛չ իր երկիրը չեն պատրաստվում հանդուրժել։ Պաշտոնական Մինսկը դժգոհ է մասնավորապես Եվրասիական միության գործունեությունից: Այս մասին Ռուսաստան-Բելառուս միութենական պետության պետքարտուղար Գրիգորի Ռապոտայի հետ Մինսկում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա հայտարարել է, որ այժմ մանրակրկիտ կերպով վերլուծում են նախևառաջ Եվրասիական տնտեսական միությանը իրենց մասնակցությունը: Ըստ Բելառուսի նախագահի՝ եթե այսպես շարունակվի, էլ ի՞նչ իմաստ ունի Եվրասիական միության այսպես կոչված կառավարությունում աշխատող ավելի քան հազար չինովնիկների գործունեությունը, ու ո՞րն է դրա արդյունքը: Եվ ինչո՞ւ ինքը պետք է հոգա աշխարհի ամենաթանկ քաղաքում` Մոսկվայում աշխատող բելառուս բարձրակարգ մասնագետների ծախսերը: Չէ՞ որ իրենք Եվրասիական միություն ենք գործուղել իրենց երկրի լավագույն մասնագետներին, և նրանց այստեղ աշխատանքով պիտի ապահովեն։
Լուկաշենկոյի խոսքերից կարելի է ենթադրել, որ առհասարակ ԵԱՏՄ որոշումները կայացվում են գլխավորապես պաշտոնական Մոսկվայի կողմից, և մնացած երկրներին այլ բան չի մնում, քան համաձայնել նման որոշումների հետ՝ նույնիսկ հնարավորություն չստանալով բողոքել դրա դեմ։ Այն, որ ԵԱՏՄ-ում ամեն ինչ հարթ չէ, միայն Լուկաշենկոն չէ, որ արտահայտվել է հրապարակայնորեն։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էլ բազմիցս խոստովանել է, որ միության ներսում կան խնդիրներ, ու չի բացառել Ղազախստանի անդամակցության դադարեցումը։ Մյուս կողմից, հաշվի առնելով Ռուսաստանի վրա գործադրվող սանկցիաները, այս տարաձայնությունները միանգամայն բնական են։ Ռուսաստանի իշխանությունները, ըստ էության, այս պահին այնքան էլ մեծ ցանկություն չունեն ԵԱՏՄ խնդիրներով զբաղվելու, քանի որ երկրի արտաքին քաղաքական կյանքում այս պահին տեղի են ունենում կարևոր իրադարձություններ։ Սիրիական հարցում ԱՄՆ հետ ձեռք բերված ժամանակավոր զինադադարի կնքման համաձայնությունը վտանգի տակ է, ինչը նշանակում է նոր բանակցություններ ու մեծ ռեսուրսների ներդրում այդ գործըթնացի մեջ։ Ինչպես տեսնում ենք, Լուկաշենկոյին արձագանքելու համար պաշտոնական Մոսկվան այժմ այսպես ասած սիրտ ու հավես չունի: