Image result for կարապետյանՄենաշնորհի դեմ պայքա՞ր, թե՞ կուլակաթափություն

Համաշխարհային պրակտիկայում այսօր բավականին մեծ պայքար է գնում մենաշնորհների դեմ: Առհասարակ, պետությունը որոշակի տնտեսական քաղաքականության միջոցով մշտապես դիտակետի տակ է պահում մոնոպոլ դիրք զբաղեցնող մասնավորներին:
Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրների համար, մենաշնորհի առաջացման հավանականությունը բավական մեծ է: Սրա հիմնական պատճառներից մեկը շուկայի խիստ սահմանափակ լինելն է: Այո՛, անհրաժեշտ է հստակ խաղի կանոնների միջոցով ապահովել հավասար պայմաններ բոլորի համար:

Այս մի քանի օրերի ընթացքում լրատվական դաշտում ու սոցիալական ցանցերում քննարկվում էր նորանշանակ վարչապետի՝ մենաշնորհների վերաբերյալ արտահայտած միտքը: Մասնավորապես, Կարապետյանն ասել էր. «Շուկան փոքր է, և էֆեկտիվ աշխատանքի դեպքում շուկայի խաղացողներից մեկը կարող է մոնոպոլ դիրք շահել, եթե ինքը բնականոն, մրցունակ դաշտում է անում, այլ ոչ թե ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին․ դա մեկ այլ բան է»:

Նախ և առաջ հարկ եմ համարում տեսնել, թե որոնք են մոնոպոլիայի առաջացման հիմնական ճանապարհները: Եվ այսպես․ առաջինը պետության կողմից քվոտավորումն է, երկրորդը՝ հանցավոր ճանապարհով բիզնեսի պաշտպանությունն ու մոնոպոլ դիրքերի ամրապնդումը, և երրորդը՝ տնտեսական արդյունավետ կառավարմամբ պայմանավորված մրցակիցների դուրս մղումը շուկայից:

Սակայն ինչու՞ է պետությունը պայքարում մենաշնորհի դեմ: Մենաշնորհի դեմ պետությունը կոշտ պայքար է տանում, քանի որ եթե անգամ արդյունավետ կառավարման արդյունքում ընկերությունը կարողացել է որոշակի առավելություն ստանալ մրցակիցների նկատմամբ և նրանց դուրս մղել շուկայից ու դառնալ շուկայում միակը, այդուհանդերձ միշտ վտանգ կա, որ նա կչարաշահի իր մենաշնորհային դիրքը:

Այնուամենայնիվ, երբ խոսում ենք մենաշնորհների դեմ պայքարի և մրցակցային միջավայրի ստեղծման անհրաժեշտության մասին, պետք չէ միանգամից պատկերացնել կուլակաթափություն: Այստեղ պետությունը պետք է բացառապես տնտեսական լծակներ կիրառի: Տնտեսական քաղաքականության, իրավական նորմերի միջոցով կանոնակարգի խնդիրը:

Արդյունավետ կառավարման արդյունքում մենաշնորհային դիրքում հայտնված ընկերությունները պետք է լինեն համապատասխան կառույցների վերահսկողության ներքո, և եթե նրանք խաղի կանոններ չեն խախտել, ապա այս դեպքում պետությունը չպետք է խնդիրներ ստեղծի մենաշնորհի դիրքում գտնվող ընկերության համար:

Նորից եմ կրկնում, սա չի նշանակում, որ պետությունը պետք է ձեռքերը լվանա ու հայտնվի դիտորդի կարգավիճակում, սակայն պայքարն էլ չպետք է հիշեցնի կուլակաթափություն այն դեպքում, եթե տվյալ կազմակերպությունը տնտեսական արդյունավետ կառավարման միջոցով է զբաղեցրել մոնոպոլ դիրք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել