Պե՞տք է արդյոք հանրային լայն հնչեղություն ստանա Նոր Կյանքում հաղթած ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը։ Այո՛, պետք է հնարավորինս ստանա, ու հանրությունը իմանա, որ թիմային քրտնաջան աշխատանքի շնորհիվ դա հնարավոր է: Սակայն ոչ մի դեպքում սա չպետք է դառնա մի ամբողջ քաղաքական թիմի ալիբի և ծառայի նախորդ կամ դրան հաջորդող ընտրությունների պարտությունների քողարկման համար:
Այն պնդումները, թե «ա՛յ ախպեր, էղածը մի գյուղ ա, ինչ մի վեր-վեր եք թռնում», առնվազն քաղաքական խանդի ու բայղուշության դրևորում են: Փորձը ցույց տվեց, որ ՀՀԿ-ի համար առանց սեփական նախաձեռնության թեկուզ մեկ գյուղ զիջելը համարվում է տրագեդիա, և այդպիսի դեպքեր շատ քիչ են արձանագրվել: Սա ամենեևին չի նշանակում, որ պետք է բավարարվել ձեռքբերածով ու նաև չի նշանակում, որ հաղթանակ արձանագրած թեկնածուն կամ նրա թիմը պիտի հիմա էլ լծվեն պատասխանելու իրենց հասցեին հնչող քննադատություններին: Դա կնշանակի արդեն փաստ դարձած հաղթանակը սակարկության առարկա դարձնել: Այն ուժը կամ անհատը, որ սեփական փորձով հաղթել է իշխանությանը, պիտի չտրվի ոչ մի սադրանքի ու գործ անի, որովհետև ըննդիմախոսը պարտությունը քողարկելու համար ինչի ասես ընդունակ է:
Ինչ մնում է ՔՊ հաղթած թեկնածուին, ապա հաղթական էյֆորիայի ավարտից հետո վերջինիս շատ բարդ աշխատանք է սպասվում ոչ միայն մի ամբողջ մարզի, այլև շատ հաճախ նաև հանրապետական մասշտաբի բյուրոկրատ ու ծամծմված համակարգի հետ աշխատանքում: Այստեղ շատ անգամ հարկ պիտի լինի սեփական գյուղի շահը վեր դասել կուսակցական շահերից, օրուգիշեր կռիվ տալ մարզպետարանների ու մյուս գյուղապետերի հետ, փորձել մեծացնել գյուղի կոմունիկացիաների տրամաչափը և այլն: Մի խոսքով, լիքը բան, որ միանգամից հաջողել չի լինելու: Ամեն դեպքում հանրային գաղջ տրամադրությունների վրա, ինչ խոսք, դրական ազդեցություն կունենա այս հաղթանակը: