Այսօր` փետրվարի 18-ին, իրենց քաղաքացիական պարտքը չեն կատարի նախագահի 7 թեկնածուներից 2-ը` ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը եւ հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
Դեռեւս փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը Անդրիաս Ղուկասյանը հայտարարել էր, որ մտադիր չէ նախագահական ընտրությունների օրը քվեարկության գնալ, քանի որ ֆիզիկապես ի վիճակի չէ ընտրատեղամաս հասնելու: Նրա խոսքով՝ ընտրություններից հետո ինքն ու իր կողմնակիցները կհայտարարեն քաղաքացիական անհնազանդության մասին։
Հայաստանի նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը եւս հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել քվեարկությանը։ Նա իր որոշումը հիմնավորել է նրանով, որ սպասվող ընտրությունների լեգիտիմության հանդեպ վերաբերմունքը չի փոխվել։
Ի դեպ, իր քաղաքացիական պարտքը չի կատարի նաեւ իր թեկնածությունը առաջադրած, սակայն հետո ինքնաբացարկ ներկայացրած նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը: Նա այդ օրը նշելու է իր տարեդարձը:
Աղբյուրը` News.am



