Image result for Կարեն ԿարապետյանԱյսօր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն անցկացրեց Կառավարության առաջին նիստը։ Նիստը անցավ բավականին լարված և հետաքրքրիր մթնոլորտում, որտեղ վարչապետը մի քանի գերատեսչության ղեկավարների հետ երբեմն բանավեճի մեջ մտավ՝ տալով նրանց նոր հանձնարարականներ։ Մասնավորպես, վարչապետն Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց մասնավոր մի ընկերության մասին, որին նախարարությունն ուզում է արտոնություններ տալ ու ազատել մաքսատուրքերից, արդյոք նրանց մոտ մոնիտորինգ իրականացվում է՝ պարզելու նոր աշխատատեղեր բացվե՞լ են, թե՞ ոչ։ Մինասյանը կցկտուր պատասխան տվեց, որից կարելի էր ենթադրել, որ տեղյակ չէ բարձրացված հարցից։ Սա ակնհայտորեն դուր չեկավ վարչապետին։

Այնուհետև Կարեն Կարապետյանը կառավարության նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց՝ ինչքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման ուղղությամբ նախնական առաջարկություններ ներկայացվեն ի կատարումն իր հանձնարարականի: Նազարյանը պատասխանեց, որ դրա համար որոշակի ժամանակ կպահանջվի,ինչից հետո վարչապետը նրան հենց այսօր իր մոտ հրավիրեց քննարկման։

Մյուս կողմից, իհարկե, սա կարող է կրել զուտ իմիտացիոն բնույթ՝ հաշվի առնելով, որ մամուլում հայտնվել են տեղեկություններ, որ վարչապետը տարաձայնություններ ունի մասնավորապես Դաշնակցության հետ, կամ որ դեռ սկզբնական փուլն է, և այս խիստ պահվածքը ընդամենը հանրության վստահությունը շահելու եղանակ է։ Իրականությու՞ն է դա, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, սակայն Երևանի քաղաքապետ աշխատած Կարապետյանը մեկ տարի հետո անսպասելի հրաժարական տվեց և հեռացավ Հայաստանից։ Պատճառն, ըստ էության, այն է, որ նրան թույլ չտվեցին գնալ ռադիկալ փոփոխությունների, ու նա չհարմարվեց Հայաստանի քաղաքական միջավայրին։ Դժվար թե ինքնաբավ մարդը, ով բավականին հաջողակ բիզնեսմեն է, համաձայնվի երկրորդ անգամ գալ Հայաստան, եթե գոնե մինիմալ երաշխիքներ չի ստացել իր որոշումներում ազատ գործելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել