Բոլոր նրանք, ովքեր ուրախ են և հպարտ, որ իրենք օլիգարխ են ու էդ կարգավիճակից հաճույք են ստանում և չեն էլ ժխտում, որ օլիգարխ են, լավ կլինի իմանան, որ օլիգարխիան առանց լեգիտիմության էլիտան է, այսինքն՝ այնպիսի իշխանություն, որը հենված է ոչ թե լիդերության ու հեղինակության, այլ վախի կամ կույր ենթակայության վրա:
Գիտե՞ն նրանք արդյոք, որ օլիգարխն էն մարդն է, ով սոցիալ-քաղաքական բոլոր ռեսուրսները կենտրոնացրել է իր ձեռքում և թույլ չի տալիս հանրության զարգացում, որովհետև բաշխման ենթակա ռեսուրսները վաղուց կլանել է իր շուրջը: Իսկ իր արածը «բարեգործությունն» էլ բարեգործություն չի, քանի որ դա տվյալ հանրությանը պատկանող ռեսուրսների մի չնչին մասի վերադարձն է, այն էլ՝ սեփական անձին հեղինակություն հաղորդելու բնազդով պայմանավորված:
Այ, սա է օլիգարխը, տղե՛րք, պարզ ասած՝ օլիգարխը վատ բան ա: Բացի էդ՝ ձեր ենթականերն էլ առաջնորդվում են, «որտեղ շեֆ, ընդեղ քեֆ» կարգախոսով, ու էլի չկա իրական հեղինակություն: Հիմա սրա ի՞նչն ա լավ ու հպարտանալու բան: Էս տեսակ մտածողությունն էլ ուղիղ համեմատական է մեր տնտեսության վիճակին:
Ի դեպ, օլիգարխիան դեռևս Արիստոտելի ժամանակներից էր համարվում վատ իշխանության ձև: Թե ինչու է մեր երկրում հասարակության սոցիալ-տնտեսական զարգացման տոռմուզը հանդիսացող օլիգարխը համարվում գովելի, փառավոր ու երանելի, բանական մարդու համար առնվազն տարօրինակ է...