Ինչքան էլ ուզում է բողոքենք Սերժ Սարգսյանից, մատնանշենք երկրի թերություններն ու Սերժի թերացումները, մի բան այս մարդու մեջ ինձ դուր է գալիս՝ նա հարգում է իր մրցակիցներին: Մյուսների պես չի ցեխոտում չի մրոտում, չի իջնում փողոցային բազառի մակարդակի: Համեստորեն՝ իր ոճի մոջ, երբեմն նույնիսկ մրցակիցներին չափից շատ արժևորելով է առաջ քայլում: Ու թող ասեն, խոսեն, սրանում կեղտեր ու տողատակեր փնտրեն, բայց թող հասկանան, որ հենց սա է ցիվիլ ընտրարշավը: “Դուք հակառակորդներ չեք, այլ՝ մրցակիցներ ում ես հարգում եմ”-սա է Սերժի մեսիջը ու դա ինձ, գրողը տանի, դուր է գալիս:

Ու պատահական չէր, որ քարոզարշավի վերջին օրը՝ Կենտրոն վարչական տարածքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում նա ոչ թե իր մասին խոսեց, իր արածները փառաբանեց, չարածներն էլ լղոզեց, այլ խոսեց իր հիմանկան մրցակիցներից՝ Րաֆֆուց ու Հրանտից, ում ես նույնպես շատ հարգում եմ:

Կարող եք դիտել կից վիդեոն, կամ ընթերցել մեջբերածս հատվածը՝



«Եվ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահի այս ընտրությունների քարոզարշավի ընթացքում հաղթում է մեր Սահմանադրությունը, նրա տառը և ոգին: Եվ ես սրա մասին կարող եմ միայն հպարտությամբ խոսել»,- ասել է նա ու ընդգծել, որ այսօր Հայաստանում տեղի է ունենում հեղափոխություն. «Դա սահմանադրական հեղափոխություն է, որ անում ենք բոլորս միասին»: Նրա խոսքով, դա տեղի է ունեցել հասարակության ակտիվ մասնակցությամբ: «Դա նաև Րաֆֆի Հովհաննիսյանի գեղեցիկ քարոզարշավն է՝ լի հազարավոր, տասնյակ հազարավոր ձեռքսեղմումներով: Դրա միջոցով Րաֆֆին փորձում է հասնել մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացուն: Ոմանք դրան փորձում են սարկազմով վերաբերել, բայց, ճիշտն ասած, իրականությունն այն է, որ Րաֆֆին մշակույթ է փոխում մեր երկրում, նոր քաղաքական ավանդույթ է արմատավորում: Նա ապացուցում է, որ ընդդիմադիր լինել՝ չի նշանակում շուրջբոլորը ատելություն տարածել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով Հրանտ Բագրատյանին` Սերժ Սարգսյանն նշել է. «Հիշում եք չէ՞, Հրանտ Բագրատյանը ժողովրդին ղրղզական և թունիսական ճանապարհ էր առաջարկում: Եվ շատ ժամանակ չի անցել այն օրվանից: Այսօր, որքան էլ համաձայն չեմ Հրանտի հետ, բայց հետաքրքրությամբ եմ դիտում հեռուստացույցով նրա հարցազրույցները: Եվ ուրախ եմ, որ նրա պես պատգամավորներ կան մեր Ազգային ժողովում, ով ծրագիր է գրում և փորձում է այլընտրանքային ճանապարհ ցույց տալ: Բազմաթիվ անգամ ես ասել եմ, որ նույնիսկ եթե մենք արմատից համաձայն չենք ցանկացած կարծիքի հետ, ապա այդ կարծիքը լռեցնելու իրավունքը չունենք: Մենք պետք է հնարավորություն տանք մարդուն իր կարծիքն արտահայտելու և եթե կարողանում ենք՝ ինքներս էլ հրապարակայնորեն պետք է վիճենք այդ կարծիքի հետ, եթե կարող ենք՝ իհարկե, նաև հերքել»:

Ամփոփելով խոսքը` նախագահի թեկնածուն նշել է. «Ես շնորհակալ եմ ինձ ընդդիմադիրներին: Ես համարում եմ, որ նրանց հետ միասին մենք, իրոք, հեղափոխություն ենք անում Հայաստանում: Եվ դա սահմանադրական հեղափոխություն է: Եվ դա հեղափոխություն է, որ առաջին հերթին, տեղի է ունենում մեր գիտակցության մեջ»:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայանալու են ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկությունը: Այսօր` փետրվարի 16-ին ավարտվում է թեկնածուների նախընտրական քարոզչությունը: Վաղն, այսպես կոչված, «լռության օր է»` օրենքով արգելված է ամեն տեսակ քարոզչությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել