Քանի որ այսօր քարզչության վերջին օրն է, իսկ ես ամեն կերպ աշխատելու եմ կատարել օրենքի պահանջը և փետրվարի 17-ին նույնիսկ ֆեյսբուքյան տիրույթում չզբաղվել որևէ գործունեությամբ, որը կարող է ներկայացվել որպես նախըտրական քարոզչություն, ապա հիմա կփորձեմ ընդհանուր գծերով ներկայացնել իմ վերաբերմունքը տեղի ունեցողի վերաբերյալ`ըստ որում խուսափելով կոնկրետ անուններ տալուց: Անշուշտ, այս ընտրությունները լինելու են և արդեն իսկ ե՛ն աննախադեպ`մի քանի պատճառով: Հասկանալի է, որ ներկա գործընթացն իր նախորդներից տարբերվում է նախևառաջ բովանդակային առումով, քանի որ անկախ Հայաստանի պատմության ընթացքում այս ընտրությունները, թերևս, միակն են, որոնք կարելի է բնորոշել մեկ բառով`ԶԱՎԵՇՏ: Զավեշտալի թեկնածուներ, զավեշտալի քարոզչաձևեր, աննախադեպ ծոմապահություն ու... նաև կրակոցներ, որոնց արդեն որևէ լուրջ մեկն առանց դառը քմծիծաղի վերաբերվել ուղղակի չի կարող: Այս ընտրություններն աննախադեպ են լինելու նաև այն պատճառով, որ դրանց արդյունքների կեղծման մասին պնդումները լուրջ չեն ընդունվելու, քանի որ նույնիսկ իրենք`իրենց արդեն իսկ «հաղթած» ու ընդդիմադիր հռչակված թեկնածուները, մինչ առաջադրման պահն արդեն իսկ գիտեին, որ պայքարի մեջ են մտնում ոչ թե նախագահի աթոռը զբաղեցնելու (գործող նախագահին այս «կազմով» հաղթելու միտքն անգամ անհեթեթ է), այլ ընդամենը “հավասարների” մեջ առաջինի տեղը վիճարկելու համար: Մի կողմից սա, որպես գործողություն, խիստ նմանվում է ինքնաբավարարման (կներեք կոպիտ համեմատության համար): Մյուս կողմից, սակայն, պարտվողների շարքում առաջինը լինելը կարող է հնարավորություն տալ հավակնել ՀՀ առաջին նախագահ, իսկ 2007-ի վերջից մինչ վերջերս Հայաստանի գլխավոր ընդդիմադիր Լևոն Տեր-Պետրոսյանի իրավահաջորդը դառնալուն: Սա, թերևս, տեղի ունեցող գործընթացներից ամենապրագմատիկ հաշվարկն է այն պարզ պատճառով, որ Հայ Ազգային Կոնգրեսը կազմաքանդման փուլում է, ՀԱԿ-ի փոխարեն (կամ տեղում) քաղաքական նոր ուժ առայժմ չի ձևավորվել, իսկ ձևավորվելու դեպքում էլ բավական երկար ժամանակ չի կարողանա տեղ զբաղեցնել քաղաքական դաշտի բարձրագույն դիվիզիոնում այն պարզ պատճառով, որ ժողովրդի ընդդիմադիր հատվածի ճնշող մեծամասնությունը հիասթափվել է վերջին շրջանում բացառապես ինքնաոչնչացմամբ զբաղվող այս ուժի գրեթե բոլոր ղեկավարներից: Հենց այդ իսկ պատճառով համարյա ակնհայտ է, որ ընտրություններից հետո խնդիր է դրվելու ոչ թե կասկածի տակ առնել բուն ընտրությունների արդյունքներն, այլ փորձ է արվելու վերաձևել ընդդիմադիր դաշտը և որոշել նոր առաջնորդին(ներին): Իսկ սա ենթադրում է, որ արդեն փետրվարի 19-ից գերակտիվ կլինեն ոչ միայն նախագահական ընտրություններին մասնակից ոչ իշխանական կուսակցություններն, այլև քաղաքական այն ուժերը, որոնք մինչ ընտրական գործընթացների սկիզբը հայտարարել էին «չեզոքության» սկզբունքի որդեգրման մասին: Համենայնդեպս, եթե նշված ուժերը շարունակեն մնալ պասսիվ դիտորդի կագավիճակում, ապա հետագայում նրանք տողատակից դուրս կմղվեն քաղաքական լուսանցք, որտեղից, ի դեպ, մինչև աղբանոց հասնելն ընդամենը ժամանակի խնդիր է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.sardaryan/posts/583402735017158
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել