Քանի հիշողություններս ու տպավորություններս թարմ են, փորձեմ ամփոփել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ ունեցած հանդիպում-քննարկումը։ Միանգամից ասեմ, որ ընդհանուր տպավորություններս դրական են, բայց զուտ շփման ձևաչափից ու Աշոտյանի հաղորդակցման կուլտուրայից, բայց ոչ հիմնախնդիրների կամ գոնե դրանց լուծման հույսի հարցով։
Թվարկեմ հարցերը, որոնք անձամբ բարձրացրի ու դրանց պատասխանները, որոնք տվեց ԿԳ նախարարը։

1. 12-ամյա դպրո՞ց, թե՞ 10-ամյա
Աշոտյանը հենակետային թեզ էր վերցրել, որ 12-ամյա կրթությունը համաշխարհային փորձով հուշված ու ճիշտ տարբերակ է, իսկ բոլոր առկա թերությունները պայմանավորված են նրանով, որ մենք ենք այդ մեխանիզմը վատ իմպլեմենտացնում՝ նախարարության մակարդակով, դպրոցի մակարդակով, ուսուցչի մակարդակով, աշակերտի մակարդակով... Հենց սովորենք ճիշտ իմպլեմենտացնել, արդեն լավ կլինի։

Հարցը ես էի տվել. համաձայն չեմ, որովհետև ես՝ 10-ամյա համակարգի սանս, սովորել եմ կայացած ու վաղուց իմպլեմենտացրած ամերիկյան 12-ամյա համակարգում ու ունեցել եմ մի վագոն առավելություններ, որոնք պայմանավորված են եղել հենց նրանով, որ ես 10-ամյա, այսինքն՝ սովետական համակարգի կրող եմ եղել ու ոչ նրանով, որ վունդերկինդ եմ եղել։ Աշոտյանի միակ արդարացումը կարար լիներ ինձ համար այն, որ այս գործընթացը իրենից չի սկսվել և իրանով չի պայմանավորված, եթե վերջում նա չասեր, որ ինքը միանշանակորեն կողմնակից է 12-ամյա համակարգին։ Ուստի այս հարցի առումով ես Աշոտյանի հետ համաձայն չեմ, բերված փաստարկներն էլ՝ հօգուտ դրան, թույլ էին։

2. Կուսակցականացված ուսխորհուրդներ
Աշոտյանի դիրքորոշումը հետևյալում էր. քաղաքականացված ուսանողություն ասվածը գրեթե նույնն է, ինչ կուսակցականացված ուսանողությունը, ու կուսակցական ուսխորհրդականին ոչինչ չի խանգարում, որպեսի նրա համար գերակա լինեն ուսանողական շահերն ու հիմնախնդիրները, դեռ մի բան էլ օգնում է՝ լոբբիզմի առումով, ուստի ինքը դեմ չէ, իսկ եթե այնուամենայնիվ դեմ են, թող համապատասխան օրենսդրական առաջարկություն լինի, որը կքննարկվի ԱԺ-ում։ Ի դեպ, հենց Աշոտյանի խոսքերով, նման առաջարկություն ներկայացվել է «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանի կողմից, բայց այն մերժվել է...

Ես էլի համաձայն չեմ, ընդ որում՝ կատեգորիկ, որովհետև կուսակացականացված ու քաղաքականապես ակտիվ ասվածը հոմանիշներ չեն, իսկ համալսարանի կոնտեքստում կուսակցական ուսխորհուրդների առկայությունն անթույլատրելի եմ համարում, իսկ Աշոտյանի արգումենտներին հակադարձեցի, որ հաստատ, օրինակ, ամերիկյան քաղաքական դաշտը ավելի կայացած է, քան մերը, բայց իրենց համալսարանական մարմիններում չես տեսնի դեմոկրատների կամ հանրապետականների կրծքանշաններով ջահելների, ովքեր, ուսանողության հարցերը թողած, կզբաղվեին իրենց կուսակցական շահերի լոբբինգով։

3. Տեխնիկումների ու միջնակարգ մասնագիտական կրթության հիմնահարցը
Աշոտյանն այս առումով վստահեցրեց, որ խիստ կարևորում է այս հարցը, իսկ նախարարությունն արդեն մի որոշ ժամանակ զբաղվում է նրանով, որպեսզի բացվեն կամ վերաբացվեն տեխնիկումներ, որոնք նոր համակարգում կփոխարինեն ավագ դպրոցի գործառութը։ Արդեն իսկ գործում է 10-ից ավել նման կրթական հաստատություն, և դրանց թիվն աճելու է։

Էս մի հարցում միայն ողջունում եմ ու ուզում եմ հավատալ, որ ԿԳՆ-ը ավելի հետևողական ու ավելի խորը կաշխատի, որովհետև երկրին պետք են նաև բանվորներ, խառատներ, դերձակներ, մեխանիկներ, հյուսներ... և այլն։ Ասել կուզի՝ դիպլոմը դիպլոմով, բայց դե բարձրագույն ուսումը պետք չի ֆետիշացնել։

4. Դասագրքերի հարցը
Աշոտյանի խոսքերն եմ ցիտում. «Մենք անկախության տարիներին մի բան կա, որ այդպես էլ չսովորեցինք՝ դասագիրք գրելը»։ Իմ այն առաջարկությանը, որ կարելի է գոնե ճշգրիտ գիտությունների՝ մաթեմատիկայի, երկրաչափության, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և այլն, եղած դասգրքերը մի կողմ դնել ու պարզապես թարգմանել կամ վերահրատարակել սովետական ժամանակաշրջանի դասագրքերը, Աշոտյանը կողմ էր ու ավելին՝ նա միակ խնդիրը տեսնում է նրանում, որ այս ձևակերպումով հարցը պետք է հանրային պահանջ ու արձագանք ունենա, ու չկրկնվի 2010 թվականի պատմությունը, երբ նա փորձեց անել նման մի բան մաթեմատիկայի դասագրքի հետ, ինչն առաջացրեց բուռն արձագանք ու դատավարությունների շարք հասարակության մի շերտի հետ։

Այս հարցում երկու ձեռքով պատրաստ եմ սատարել Աշոտյանին, իսկ ով էլ դեմ է կամ պոպուլիզմով է զբաղված, կա՛մ իր անձնական շահերն է հետապնդում, կա՛մ անսիրտ է, կա՛մ էլ գաղափար չունի թեմայից։

5. Բանակային ծառայությունն ավարտածների ասպիրանտուրայի հարցը
Թեև այս պահին ոչ մի սուբսիդավորում չկա զորացրվածների ասպիրանտուրայի համար, սակայն Աշոտյանը վստահեցրեց, որ եթե համապատասխան առաջարկություն արվի, ապա ԿԳՆ-ը պատրաստ է քննարկել օրինակ TOEFL թեստի ծախսերը ֆինանսավորելու հարցը՝ ասպիրանտուրայի՝ բանակում ծառայած դիմորդների համար։

Եղան նաև բազմաթիվ այլ հարցեր, որոնք ուղղվում էին այլ մասնակիցների կողմից։ Առանձնացնեմ ամենահետաքրքիրները:

Դպրոցների ուսուցիչների ու տնօրենների կողմից իրականացվող քաղաքական փիառի դեպքերը, չեբուռաշկայության դրվագների նկատմամբ ունեցած վերաբերմունքը և հնարավոր մեխանիզմի ստեղծումը՝ այս արատավոր երևույթները բացառելու համար։

Ըստ նախարարի՝ հարցին միակողմանի մոտեցում է տրվում։ Երբ 2008-ին Լևոնի ճակատն էին պաչում որոշ մարդիկ, դա չէր որակվում որպես ստրկամտություն, բայց երբ Սերժ Սարգսյանին են բանաստեղծություններ ձոնում, կամ էլի նման դրսևորումներ, դա որակվում է որպես սապոն։ Ինչ վերաբերում է դպրոցների քարոզչության ու անձնակազմի «արջի ծառայությունների հարցին», ապա Աշոտյանի պատասխանը մոտավորապես նույնն էր, ինչ Գալուստ Սահակյանինը, ով ընտրակաշառքների մասին ասել էր՝ «Էդ ե՞րբ ենք տվել որ, պարզապես այս անգամ հաստատ չենք տալու», պարզապես ինչպես ինքը՝ Աշոտյանը, կատակեց, երբ ես հիշեցրի Գալուստի ասածը՝ ավելի upgrade տարբերակը... Իսկ այն, ինչ տեսնում ենք մենք, դա ներքևից եկող արջի ծառայություն հանդիսացող էնտուզիազմի դրսևորումներն են։ Ինքը՝ որպես նախարար, չի կարող արգելել ուսուցիչներին ու տնօրեններին լինել այս կամ այն կուսակցության անդամ կամ համակիր։

Էլի հարցեր եղան, որոնք, կարծում եմ, դեռ կլուսաբանվեն այլ մասնակիցների կողմից, ու որոնց ես չեմ անդրադառնա, քանի որ շատ գլուխ չեմ հանում այդ կոնկրետ թեմաներից։ Կարող եմ միայն ասել, որ բացի դասագրքերի հարցից, լիովին կիսում եմ Աշոտյանի ունեցած դիրքորոշումը տարեկետման խնդրի շուրջ. թող վճարովի ընդունվողները գնան բանակ, ծառայեն ու բանակից հետո նոր որոշեն՝ ուզո՞ւմ են արդյոք բուհ ընդունվել ու եթե ուզեն, այդ ժամանակ թող ընդունվեն, առավել ևս, որ նրանց համար կգործեն նաև բազմաթիվ արտոնություններ՝ որպես բանակում ծառայածների...

Ոնց որ թե այսքանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել