Image result for Հայաստանի կուսակցություններՏԻՄ ընտրությունները ինչքան կարևոր են իրենց նշանակությամբ և քաղաքական օրակարգով, այնքան էլ տարբերվում են համապետական ընտրություններից։ Հայաստանի ամեն քաղաք ունի իր կոլորիտը, ընտրական գործընթացների նկատմամբ իր ընկալումներն ու առանձնահատկությունները։ Եվ շատ հաճախ հենց այս գործոնն է որոշիչ լինում լոկալ ընտրությունների պարագայում։ Հայաստանը փոքր երկիր է, իսկ քաղաքներն ու գյուղերը՝ առավել ևս։ Այստեղ առաջադրվող թեկնածուներից բոլորը մեկը մյուսին ոչ միայն ճանաչում են, այլ շատ-շատերը միմյանց հետ բավականին սերտ հարաբերություններ ունեն։ Եվ այս տենդենցը օր-օրի գնալով ավելանում է, ինչը մի կողմից ողջունելի է ՝ հաշվի առնելով մարդկանց միջև ձևավորված տարիների ավանդույթը, մյուս կողմից վտանգավոր այնքանով, որ, կախված քաղաքական իրավիճակներից, այդ սուբյեկտները երբեմն որոշ շահագրգիռ ուժերի դրդմամբ ( իմիջայլոց, հենց յուրայինների կողմից), կարող են նախընտրական պրոցեսի ընթացքում միմյանց հետ լարվել։ Կրկնում ենք, սա այն դեպքում, երբ կան կոնկրետ ուղղորդված միտումներ։

Ընթերցողը հավանաբար կհիշի, երբ դեռևս 4 տարի առաջ Գյումրիում կատաղի պայքար էր ընթանում քրեական ու քաղաքական միավորների միջև՝ քաղաքի այն ժամանակվա ղեկավար Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ։ Այսօր վստահաբար կարող ենք նշել՝ քրեական օրակարգը Գյումրիում այլևս անցյալում է (սա, բնականաբար, կարևոր, բայց ոչ որոշիչ նախապայման է քաղաքի արդյունավետ կառավարման համար)։ Եվ այժմ գյումրեցիները հնարավորություն ունեն իրենց ըմբոստ, քաղաքային խառնվածքի շնորհիվ քաղաքում մթնոլորտ փոխելու։

Վանաձորում, օրինակ, հակառակ պատկերն է։ Քաղաքի կրիմինալ գործոնը, կարելի է ասել, դադարել է որպես այդպիսին լինելուց դեռևս 2000-ականների կեսերին։ Գործող քաղաքապետը քաղաքը ղեկավարել է հիմնականում «բաժանի՛ր, որ տիրես» կարգախոսով, ինչը նրան հնարավորություն է տվել 17 տարի անփոփոխ ղեկավարել քաղաքը, և երկրորդ՝ թշնամիներ ձեռք չբերել և չբարդացնել իր գործը։ Վանաձորում էլ, մեծ հաշվով, դա բավարար չի եղել քաղաքում իսկական բարեփոխումներ իրականացնելու համար, և քաղաքացիները, աչքի տակ ունենալով Գյումրու կրիմինալ նախադեպը, ստիպված բավարարվել են «Աստված գեշ բեթարից ազատի» կարգախոսով։

Վանաձորում նույնպես կա ռեալ շանս՝ փոխելու քաղաքային իշխանությունը, առավել ևս, որ գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանն այլևս չի առաջադրվելու քաղաքապետի պաշտոնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել