Նորանշանակ վարչապետերից մեկը հրավիրեց առանձնազրույցի: Խնդրեց քաղաքական դաշտի իրական պատկերը ներկայացնել: Սպիտակ թուղթ խնդրեցի, կենտրոնում մի փոքր շրջանագիծ գծեցի:
- Սա Դուք եք,- ասացի:
Հետո ավելի մեծ շրջանագիծ գծեցի այնպես, որ փոքրը լիներ մեծի կենտրոնում:
- Սա քաղաքական դաշտն է,- ասացի:
Հետո մեծ շրջանագծի վրա երկար մի ուղղանկյուն պատկերեցի:
- Սա մեծահարուստներն են,- ասացի:- Եթե փորձեք թեկուզ Ձեր անվան համար բարեփոխումներ անել, ապա կպնելու եք նրանց շահերին, ու նրանք բացահատ կամ անբացահայտ պայքարելու են Ձեր դեմ:
Ու այդ ուղղանկյունուց մի հարվածային սլաք տարա դեպի կենտրոն:
Մեկ այլ, շատ ավելի երկարուն ուղղանկյուն գծեցի մեծ շրջանագծի վրա:
- Սա ընդդիմությունն է ՝ իր տարատեսակներով: Եթե Դուք բարեփոխումներ անեք, ապա իշխանությունների վարկանիշը կբարձրանա, իսկ դա մահացու է ընդդիմության համար, և նրանք բացահատ և անբացահայտ պայքարելու են Ձեր դեմ:
Եվս մի ուղղանկյուն գծեցի:
- Սա Ձեր նախորդն է, ով հասկանալի պատճառներով ձգտելու է հասնել այն բանին, որ Դուք ձախողեք:
Եվս մի շրջանակ:
- Սա իշխանական համակարգն է: Այստեղ կան թաքնված դժգոհություններ, թե ինչու հենց Դուք նշանակվեցիք, կա իներտություն, ճահճասիրություն, որոնք սաբոդաժի լավ հիմքեր են:
Էլի մի քանի փոքր ուղղանկյուններ գծեցի ու սլաքներ ուղղեցի դեպի կենտրոն:
Շրջանը փակվեց:
- Ահա, - ասացի,- սա է վիճակը. բոլորը Ձեր ձախողումն են ուզում:
Տրտում նայեց գծագրին:
-Իմ հույսը մնում է երկրի նախագահը,- ասաց:
Ես բազմանշանակ նայեցի նրա աչքերի մեջ ու ոչինչ չասացի: