Թող որ մյուս մեռելները
թաղեն իրենց մեռելներին…
Երբ մարդն իր կյանքի գլխավոր նպատակ է հայտարարել ամեն գնով արագ հարստանալը, նվազագույն ջանքերով իր անձի համար առավելագույն բարիք ձեռք գցելը, պետության, թե հասարակության հաշվին իր կյանքը դասավորելը, ինչ գնով էլ լինի՝ քծնանքով, թե շողոքորթությամբ, ծախելով, թե ծախվելով իր բալիկին մի «փափուկ ապագայի» հասցնելը, կյանքը ուրախությունների ու զվարճությունների, հաճելի ճամփորդությունների ու խրախճանքների մեջ տեսնելը, երբ «դրսևանց» արդարություն ու առաքինություն, բարոյականություն և ազնվություն, հայրենասիրություն ու նվիրվածություն քարոզող մարդն իր գործունեությամբ, իր վարք ու բարքով, իր կենսակերպով իր իսկ քարոզներին հակառակ տրամաբանությամբ է շարժվում, նա՝ այդ մարդը, մեռած է, եթե անգամ առույգ քայլում և ճարտար խոսում է:
Այսպիսի մարդկանցից կազմված հասարակությունները «ՀԻՎԱՆԴ» են, և տիեզերական նախախնամության համաձայն, դատապարտված են մահվան, քանզի աշխարհին այլևս տալու բան չունենալով՝ զբաղված են միայն սպառմամբ, որով քայքայում ու խաթարում են տիեզերական ներդաշնակությունը: Եթե դեռ կան էլ, ապա նրանց գոյությունը ժամանակավոր է և պայմանավորված է նախկինում կուտակած և դեռ ամբողջությամբ չվատնված հոգևոր լիցքից ու բարոյականից մնացած փշրանքներով:
Մեզանից դուրս ուղղված ազնվության, արդարության ու բարոյականության, երկրի ու հայրենիքի փրկության և մի շարան նման բաների մասին ամեն մեկիս վարած խոսակցությունները մի կողմ դնելով, առանց սեթևեթանքների ու պչրանքների, ուղիղ ու շիտակ ինքներս մեզ կողքից նայելով՝ բազում նմանություններ կհայտնաբերենք ՀԻՎԱՆԴ հասարակության նկարագրված պատկերի և յուրաքանչյուրիս միջև: Եվ թող առաջինը քար նետի նա, ով կասի թե այդպես չէ…
Այս առումով առաջնորդը՝ նախագահ լինի, թե վարչապետ, հասարակության վերոհիշյալ իղձերի ու նկրտումների, նրա հավաքական հոգեկերտվածքի, նրա ընդհանրական բարոյական կերպարի, նրա թաքուն մուրազների ու բաղձանքների անմիջական կրողն ու մարմնավորողն է: Միշտ է այդպես: Ինչպիսին որ հասարակությունն է, այնպիսին էլ նրա առաջնորդներն են...
Եթե մենք ազգովի բռնել ենք ինքնաոչնչացման ճանապարհը, ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք, մեզանից բացի, չի կարող այդ ճանապարհից մեզ հետ պահել…
Փրկվելու համար, մենք պիտի անցնենք մի նոր չափողականության, որտեղ նվազագույնի հասցված կլինի ձևի և բովանդակության, երևույթի և էության միջև գոյություն ունեցող անդունդը: Ճակատամարտի դաշտը դրսից ներս պիտի տեղափոխվի: Յուրաքանչյուրն ինքը պիտի փոխվի: Մարդն ինքն իրեն պիտի հաղթի:
Վարչապետի փոխարինումը որևէ առնչություն չունի վերոհիշյալ խնդիրների հետ, մանավանդ, որ հասարակության մեջ քչերն են, իսկ քաղաքական վերնախավում բոլորովին չկան մարդիկ, ովքեր հասկանում են այս խնդիրների լուծման հրատապությունը:
Վարչապետի փոխարինմամբ, սկիզբ է դրվում քաղաքական մի նոր գործընթացի, որն ավարտվելու է ընտրություններով ու «ազգային համաձայնության կառավարության» ստեղծմամբ: Այս ընթացքում, ոչ ոք անուշադրության չի մատնվելու: Յուրաքանչյուրն ստանալու է իր ամբիցիաներին համապատասխան ինչ-որ բան: Քույրիկներից յուրաքանչյուրին տրվելու է հասանելիք ականջօղը: Բոլոր անհագ ցանկացողներին հնարավորություն է տրվելու «ծառայել հայրենիքին»: Ընտրություններից հետո կազմվելու է «ազգային համաձայնության կառավարություն», որը ղեկավարելու է Ս. Սարգսյանը: Բոլորը գոհ են լինելու: Բողոքողներ գրեթե չեն լինելու…