Քաղաքական  մեկնաբան

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ նոր ձևավորվող կուսակցությունը (ՀԱԿ-ը) շարունակելու է մնալ Հայաստանում միակ դիմադրության կենտրոնը. «Սերժ Սարգսյանն այսօր մի բանի մասին է երազում. այնպես անել, որ Հայաստանում այլևս որևէ քաղաքական ուժ չլինի, որը կարող է մարտահրավեր նետել իր իշխանությանը: Ինքը ցանկանում է ոչ միայն վերահսկել իշխանության կառույցները, այլև՝ ընդդիմությունը: Այս առումով այն համաժողովրդական շարժումը, որը մենք ունենք արդեն հինգ տարի շարունակ, իսկապես չհանձնված, չկաշառված, չհաշտված մարդկանց հավաքականությունն է, որը պայքարելու է մինչև վերջ»: 
Զուրաբյանի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ նոր ստեղծվելիք կուսակցության նպատակը դիմադրություն ցույց տալն է, իշխանությունների կողմից վերահսկված չլինելը, իշխանությանը «ձեռնոց նետելը»: Արդյո՞ք սա է կուսակցությունների գլխավոր նպատակը: Կարելի՞ է ենթադրել, որ ՀԱԿ-ը որպես դաշինք ինչ-ինչ պատճառներով դարձել էր իշխանությունների կողմից վերահսկելի և սպառել դիմադրության ռեսուրսները, ինչը Տեր-Պետրոսյանի թիմին ստիպել է մտածելու նոր կուսակցություն ստեղծելու մասին: 
Մյուս կողմից՝ եթե Զուրաբյանը որպես նոր նպատակ հռչակում է միայն դիմադրություն ցույց տալը, իսկ դա նշանակում է, որ իրենք հենց սկզբից չեն հավատում իրենց հաղթանակին, իրենց պայքարի արդյունավետությանը, քանի որ դիմադրությունը կարող է որպես միջոց դիտվել՝ հասնելու վերջնական նպատակին՝ իշխանության գալուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել