Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում երեկ հայարարեց, որ Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելով՝ իշխանությունը զարկ է տալիս Հայաստանում իսկական փոփոխությունների: Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա իշխանության հերթական հայտարարությունն է, մանավանդ, երբ առջևում խորհրդարանական ընտրություններ են, և անհրաժեշտություն կա հանրության տրամադրությունների վրա ազդեցություն ունենալ հնարավորինս դրական իմաստով: Սակայն նախագահը մի քանի ուշագրավ հայտարարություն արեց երեկ, ինչը վկայում է, որ իշխանությունն՝ իր գլխավորությամբ հասկացել է և բացեիբաց հայտարարում է, որ հանրությունը, մեղմ ասած, վստահություն չունի սեփական իշխանության նկատմամբ, ավելին, դժգոհությունները գնալով խորանում են: Ըստ այդմ՝ նոր վարչապետը հնարավորինս արագ ժամկետներում պետք է կարողանա վերականգնել այդ վստահությունը և շուտափույթ ձեռնամուխ լինի տնտեսական, քաղաքական բարեփոխումների: Եվ այսպես, ինչո՞վ կարող է Կարեն Կարապետյանը նպաստել այդ գործընթացին: Երևի տեղին է մի փոքր պատմական էքսկուրս կատարել տաս տարի առաջ տեղի ունեցած դեպքերին, որպեսզի հասկանանք Կարապետյանի ներկա դիրքն ու ապագայում նրան սպասվող գործողությունները: 2008 թվականին Սերժ Սարգսյանը, գալով իշխանության, վարչապետ նշանակեց մի մարդու, ում, երևի թե, ամենաքիչն էին սպասում տեսնել իշխանության վերին օղակներում: Խոսքը Տիգրան Սարգսյանի մասին էր, ով նախ՝
ա) անկուսակցական էր, ինչը գոնե դե յուրե նրան հնարավորությոուն էր տալիս քիչ թե շատ ազատ լինելու իր գործողություններում՝ չկաշկանդվելով կուսակցական պատկանելությունից ու այդ պահին հանրային շատ ուժեղ ճնշման տակ գտնվող ՀՀԿ-ից,
բ) իր էությամբ նա բարեփոխիչ էր, ավելի շատ ժամանակակից մենեջմենթի կողմնակից և կիրառող, ինչը ենթադրում էր կարճ ժամանակում Հայաստանի կաթվածահար տնտեսությունը կարգի բերելու նախադրյալներ:
գ) Չհաջողելու դեպքում Սերժ Սարգսյանը ստիպված չէր լինի մտնել ներքին կուսակցական խոհանոց և մեղադրել իր թիմից մեկնումեկին, ով, ենթադրենք, Տիգրան Սարգսյանի փոխարեն պիտի լիներ վարչապետ ու կուսակցության ներսում ձեռք չբերեր թշնամիներ:
Դժվար է ասել, որ Տիգրան Սարգսյանը այս ամենը չէր հասկանում, ու թեպետ նրան հաջողվեց Հայաստանի նորագույն պատմության մեջ մնալ որպես ամենաերկարակյաց վարչապետ, այնուամենայնիվ, վերջին հաշվով ներքին կոնֆիգուրացիաների արդյունքում նա դարձավ ՀՀԿ-ական, և երկրորդ՝ իշխանության խոշոր գործարար զանգվածը մինչև վերջ էլ սվիններով ընդունեց նախկին վարչապետին, և ի վերջո նա հրաժարական տվեց՝ այդպես էլ չկարողանալով որևէ էական ազդեցություն ունենալ թե՛ երկրի տնտեսական ցուցանիշների, թե՛ օլիգարխիայի շրջանում:
Հիմա կարծես պատկերը կրկնվում է, ուղղակի այն տարբերությամբ, որ Կարեն Կարապետյանը, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի, Հայաստան է գալիս ռուսական բիզնես աշխահից, այսինքն՝ մի երկրից, որը Հայաստանի ռազմավարական դաշնակից է համարվում, և երկրորդ՝ Կարապետյանը իր բնույթով Երևանի քաղաքապետ եղած ժամանակահատվածում հասցրել էր շահել նույնիսկ մի քանի ընդդիմադիր քաղգործիչների համակրանքն ու սիմպատիան: Էությամբ նա նույնպես տեխնոկրատ է և թեպետ գործունեություն է ծավալել ռուսական շուկայում, սակայն կառավարման մեթոդաբանության մեջ ավելի շատ նախընտրում է արևմտյան մոդելն ու արժեքը:
Երևանի քաղաքապետ աշխատած տարվա ընթացքում Կարապետյանը շատ բան չհասցրեց անել, որպեսզի այսօր կարողանանք գնահատական տալ նրա աշխատանքին, սակայն այսօրվա աշխարհաքաղաքական ու ներքին վերադասավորումներում նա իսկապես կարող է, այսպես ասած, բուֆերի դեր տանել իշխանության ու հասարակության միջև: Հայաստանի՝ բյուրոկրատ, էությամբ պրովինցիալ, փտած ու արդեն բորբոսնած կառավարման համակարգին գալիս է փոխարինելու ինտելեկտուալ, նոր մոտեցումներով հարուստ մի նոր, ենթադրյալ համակարգ: Կարապետյանի հիմնական խնդիրը մինչ պառլամենտական ընտրությունները, երևի թե, կլինեն առայժմ երկուսը՝ ապահովել գոնե աչքի համար տեսանելի տնտեսական աճ, որն անհամեմատ ավելի կայուն և օգտակար կլինի, քան իր նախորդների արձանագրած ցուցանիշները, և երկրորդ՝ փորձել կոնտակտի մեջ մտնել հանրության հետ՝ աստիճանաբար իր հետևից այդ դաշտ բերելով նաև իշխանության մյուս ներկայացուցիչներին: Միաժամանակ նաև բավականին հետաքրքրական է դառնում, թե ինչպիսի կոմունիկացիոն հարաբերություններ կհաստատվեն Կարապետյանի և ԱԺ-ում ներկայացված ըննդիմադիր կուսակցությունների մեջ: Փաստորեն, ահա սա պիտի դառնա խորհրդարանական գալիք ընտրությունների և դրանից հետո ձևավորված իշխանության ձեռագրի և գործելաոճի հիմնաքարը: Եթե Կարապետյանը հաջողի, վստահաբար կարելի է ասել, որ կհաջողի Հայաստանի Հանրապետությունը, նախևառաջ՝ իշխանությունները: Դրանով, փաստորեն, Կարապետյանը իր մարմնով կծածկի իշխանության՝ այսքան տարիների բացթողումներն ու հանրությանը պատճառած արհավիրքները: Չհաջողելու դեպքում Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու նորից ու նորից փնտրտուքների դիմել՝ հերթական անգամ կանգնելով ծանր ընտրության առաջ, որպեսզի հաջորդ թեկնածուն լինի և՛ հանրության համար ընկալելի կերպար, և՛ միևնույն ժամանակ սեփական թիմը դժգոհ չմնա այդ նշանակումից: