Դեռ չի հաստատվել Գազպրոմբանկի փոխտնօրեն Կարեն Կարապետյանին ՀՀ Վարչապետի պաշտոնում նշանակելու մասին լուրերը, սակայն նրա անձի շուրջ պտտվող զրույցներն ու Հովիկ Աբրահամյանի հրաժարականը որոշակիորեն հնարավորություն են տալիս մի քանի դիտարկում կատարելու Հայաստանի քաղաքական համակարգում սպասվող հերթական փոփոխության մասին: Եվ այսպես, խոսքը գնում է ենթադրյալ Համաձայնության կառավարություն ձևավորելու և դրանում Հայաստանի քաղաքական ավանտյուրաներում հնարավորինս քիչ ներգրավված մարդկանց ներկայացնելու վերաբերյալ: Առաջին հայացքից այս նշանակման գլխավոր պատճառը հանրության նեգատիվ տրամադրությունները փոքր-ինչ զսպելու փորձ է: Դրա համար ենթադրյալ թեկնածուն բավարար չափով ընդունակություններ ու նախադրյալներ ունի: Աբրահամյանը հանրության կողմից ընկալվում է որպես օլիգարխիայի և քաղաքական իշխանության միջև զսպող օղակ, և Սերժ Սարգսյանը ներքաղաքական շատ հարցերում ապավինել է հենց Աբրահամյանին և նրա կապերին: Հեռու չգնանք․ հիշենք Գագիկ Ծառուկյանի հետ կատարվածը, երբ վերջինս, չնայած հանդիսանում էր Հովիկ Աբրահամյանի խնամին, հավուր պատշաճի «բամփվեց» վերջինիս կողմից: Սրանով Հովիկ Աբրահամյանը հաստատեց իր հավատարմությունը Սարգսյանին, ինչը նրան հնարավորություն տվեց շարունակելու իր պաշտոնավարումը:
Միևնույն ժամանակ, արդեն նախկին վարչապետը իշխանության մեջ քիչ թե շատ հանդիսանում էր միակ ֆիգուրը, ով իսկապես կարող էր Սերժ Սարգսյանի ժառանգորդը դառնալ, և դրա համար երբեք էլ չի թաքցրել իր ցանկությունները: Սակայն ժառանգորդի հարցում, ինչպես տեսնում ենք, Սարգսյանն այլ ծրագրեր ունի: Կարեն Կարապետյանը մեկ տարի Երևանի քաղաքապետ լինելուց հետո հեռացավ Հայաստանից՝ այդպես էլ հանրության լայն շերտերին չտեղեկացնելով, թե հատկապես ինչու հրաժարական ներկայացրեց: Սակայն այդ կարճ ժամանակահատվածում նախկին քաղաքապետի մասին շրջանառվող կարծիքները հետևյալն էին՝ լավ մենեջեր էր, բայց ոչ լավ ղեկավար: Առհասարակ, մենեջմենթի և կառավարման հայկական ընկալումը բազմապիսի կարող է լինել՝ կախված նրանից, թե տվյալ առաջնորդը կառավարման ինչպիսի մեթոդաբանություն է ընտրել այդ պահին: Կարապետյանն, ըստ էության, փորձել է միանգամից Երևանը դարձնել Հոնկ Կոնգ կամ Լոնդոն, սակայն հանդիպել է Հայաստանի քաղաքական ու տնտեսական համակարգի բյուրոկրատ ու փտած համակարգին, կառավարչական մենթալիտետին ու ալարկոտ պաշտոնյաներին, որից հետո հասկացել, որ ինքը միայնակ անզոր է նման համակարգի դեմ աշխատելու ու թողել-հեռացել է: Մյուս պատճառը կարող է լինել արդեն ներքին ճնշումներն ու «դրսից բերված մարդուն» պատասխանատու պաշտոնի վստահումը:
Դե իսկ ՀՀԿ ծերակույտը, որը վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ շրջապատն է, առիթը բաց չի թողել Սերժ Սարգսյանին շշնջալու, թե Տարոն Մարգարյանը ամենահարմար թեկնածուն է և հենց նա պիտի լինի քաղաքապետ ինչ-որ չափով վարձահատույց լինելու և Մարգարյանի հիշատակը վառ պահելու համար: Ինչպես կյանքը ցույց տվեց, Տարոն Մարգարյանի համար պայքարը պսակվեց հաջողությամբ: Թեմայից դուրս կարող ենք նշել, որ իշխանության մեջ եղած պաշտոնյաներից այսօր ամենաբարձր վարկանիշն ունի հենց Տարոն Մարգարյանը, և եթե չլինեին տրանսպորտի դեմ բողոքի ակցիաները, վերջինս, առհասարակ, կարող էր հավակնել ավելի բարձր պաշտոնների:
Սա ներքաղաքականի մասով, սակայն ակնհայտ է, որ մենք նոր կառավարության ձևավորումով ավելի շատ գործ ունենք արտաքին ճնշման հետ: Ապրիլյան քառօրյան և դրանից հետո ընկած ժամանակահատվածը, ԼՂՀ հարցում տարվող բանակցություններն ու արտաքին ուժերի արձագանքները գալիս են ապացուցելու, որ, ամեն դեպքում, Հայաստանի իշխանությունների վրա լուրջ ճնշում կա: Այդ ճնշումը հատկապես զգալի է Ռուսաստանի կողմից: Եվ առհասարակ, ԼՂՀ հարցում ռազմավարական դաշնակցի վարքագիծը Քառօրյայի ընթացքում հայ հանրությանը բավականին դեմ տրամադրեց ՌԴ-ին: Ռուսները, ինչ խոսք, սա հրաշալի հասկանում են և աչքի տակ ունենալով Վրաստանն ու Ուկրաինան՝ խիստ անհանգստացած են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով և առաջնորդվում են այն գաղափարով, որ «հանկարծ այնտեղ մայդան չլինի»: Առհասարակ, ռուսական Գազմպրոմին Հայաստանի պարտքը երևի թե ռուսական իշխանությունների կողմից պահվել էր որպես ծանր հրետանի Հայաստանի դեմ կիրառելու համար, ինչն էլ նրանք տարիներով քողարկելուց հետո անում են:
Բացի այդ՝ Հայաստանն անցնում է պառլամենտական ռեժիմի, իսկ սա Ռուսաստանին, մեղմ ասած, ձեռնտու չէ այնքանով, որ եթե նախկինում նրանք գործ ունեին միայն Սերժ Սարգսյանի հետ, պառլամենտականի դեպքում նրանց նախ.
ա) անհրաժեշտ է Խորհրդարանում կամ Գործադիր մարմնում ունենալ ռուսական քաղաքական ազդեցություն կրող ուժ
բ) այդ ուժում կամ ուժերում եղած մարդիկ լինեն վերահսկելի և խաղան միայն ռուսական սցենարով:
Հաշվի առնելով Քառօրյան ու դրա հետևանքները՝ այդպիսի ուժեր գտնելու հարցում ռուսները որոշ դժվարությունների առաջ ամեն դեպքում կկանգնեն:
Դե իսկ ինչ մնում է անձամբ Սերժ Սարգսյանին, վերջինիս դիրքերը միայն արտաքուստ են մնում վտանգված: Իմիջիայլոց նշենք, որ այնպես չէ, որ Արևմուտքը ձեռքերը հենց այնպես ծալած նստելու է ու տեսնի, թե ինչպես են Հայաստանի Պառլամենտում կամ կառավարությունում աճում պրոռուսական ուժերը: Առայժմ զերծ կմնանք անուններ հնչեցնելուց, սակայն սպասվող ՏԻՄ ընտրությունները, որոնք նախերգանքն են գալիք պառլամենտական ընտրությունների, որոշ հարցերի պատասխաններ ամեն դեպքում կտան, թե մոտավորապես ով որ ճամբարում է տեղավորվել և ինչքանով են նրանց բռնած դիրքերը համահունչ Հայաստանի պետական շահին: Ըստ այդմ՝ Սարգսյանի համար ստեղծվում է մի իրավիճակ, երբ վերջինս պետք է զբաղվի իր սիրած գործով՝ կուլիսներից վերահսկի այդ երկու հակադիր թևերի միջև տարվող քաղաքական գործընթացն ու աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ թույլ չտա նրանցից մեկի կամ մյուսի առավելությունը, որովհետև դա թույլ տալը կարող է շատ թանկ նստել իշխանությունների վրա՝ ընդհուպ մինչև հենց Սերժ Սարգսյանի հրաժարականի պարտադրում։ Դա Սարգսյանն անում է առավել լավ, քան որևէ մեկը: Այլ կերպ ասած, արդեն մոտավորապես պարզ է դառնում, թե շախմատային ինչպիսի պարտիա է հասունանում ՀՀ նախագահի համար, որտեղ նրան հաղթելու համար ձեռնտու է միայն ոչ-ոքին: