Image result for Վրաերթ ՀրազդանումԵրեկ՝ սեպտեմբերի 5-ին, Կոտայքի մարզում տեղի է ունեցել ինքնադատաստանի դրսևորում։ Ոստիկանությունից հայտնում են, որ Վանիկ Սարգսյանը հիվանդանոց է տեղափոխվել Հրազդան քաղաքի Մարշալ Բաղրամյան թաղամասում գտնվող Էլեկտրաէներգիայի բաշխիչ կայանի մոտից: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի՝ Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Վանիկ Սարգսյանը ոչ այլ ոք է, քան հուլիսի 4-ին Հրազդանի փողոցներից մեկում, անսթափ վիճակում 7-ամյա Արմեն Խամփերյանին վրաերթի ենթարկողը։ Իսկ նրան սուր, կտրող-ծակող գործիքով վնասվածք հասցնողը եղել է Արմենի հայրը՝ Գևորգ Խամփերյանը։ Դեպքից հետո Վանիկ Սարգսյանին այն ժամանակ կարողացել էին հաշվեհարդարից փրկել Հրազդանի ոստիկաններն ու քննիչները, որից հետո մարզի վարչության պետ Մհեր Վարդանյանի կարգադրությամբ նույն պահին հարուցվել էր քրեական գործ, իսկ հետո արդեն քննիչը միջնորդել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի նրա նկատմամբ։ Սակայն արի ու տես, որ դատարանը բավարարել էր հարբած վարորդի փաստաբանի՝ նրան ազատ արձակելու բողոքը, և հուլիսի 28-ին Վանիկ Սարգսյանը ազատ էր արձակվել։

Փաստորեն, դատարանը իր այս ցինիկ որոշմամբ տուժող կողմին դրդել էր ինքնադատաստան տեսնելու, ինչը և  երեկ տեղի էր ունեցել։ Սա ուղղակի աբսուրդ է, որովհետև այլ կերպ հնարավոր չէ նկարագրել այս որոշումը։ Դեպքը տեղի է ունեցել ցերեկը, տեսախցիկները դա ֆիքսել են, ոստիկանները անհապաղ ձերբակալել են հանցագործին, գործը ուղարկել քննչական մարմին, իսկ ահա, երբ եկել է դատավարության ժամանակը, այստեղ պարզվել է, որ Վանիկ Սարգսյանը պետք է ազատ արձակվի երկու ամիս նախնական կալանավորման փոխարեն։ Գուցե առաջին հայացքից թվա, թե ասելիքս որևէ առընչություն չունի դեպքի հետ, բայց գլոբալ խնդիրը կայանում է հետևյալում․ Հայաստանի իշխանությունները, ցավոք, այդպես էլ չկարողացան Հայաստանում ձևավորել  միջին խավ՝ սոցիալական իր ստատուսով, չինովնիկների և քաղաքացիների միջև հստակ կանոնակարգված և բալանսավորված կոմունիկացիայով, օրենքի գերկայության անվիճելիությամբ և այլն։ Արդյունքում, օրինակ, Սերժ Սարգսյանը կարող է տեղյակ չլինել,որ այսպիսի դատավորներ կան,որ նման որոշումներ են կայացնում, որովհետև Արդարատության նախարարը միգուցե Սարգսյանին զեկուցել է, որ դատաիրավական համակարգում այսպիսի, մեղմ ասած, անհոդաբաշխ որոշում կայացնող դատավորներ այլևս չկան։ Իսկ արդյունքում իշխանությունները գնալով օտարվում են հանրությունից, կտրվում է ռեալ իրականության հանդեպ նրանց զգացումը, և օրերից մի օր Հայաստանի քաղաքներից մեկում ահա այսպիսի դեպքի ենք ականատես լինում։ Եվ հենց այս ամենի բացակայությունը  մի օր չարիք է դառնալու հենց իշխանությունների համար, որովհետև նրանց կարող է զեկուցվել համակարգի կայունության վերաբերյալ, մինչդեռ իրականությունը լռիվ այլ է ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել