Ինչպես գիտենք, երեկ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային «շան որդի» է անվանել այն բանից հետո, երբ վերջինս Ֆիլիպինների նախագահին հիշեցրել է այդ երկրում իշխանությունների կողմից թմրամիջոցների դեմ պայքարում մոտ 1000 սպանվածի մասին։ Օբաման կարծիք էր հայտնել, որ այդ երկրում խախտվում են մարդու ազատությունն ու հիմնարար իրավունքները, ինչպես նաև չի գործում դատական համակարգը։ Դուտերեին սա կտրականապես դուր չէր եկել, և նա, Օբամայի հասցեին անվայել արտահայտություններ թույլ տալով, խոստացել էր ՄԱԿ-ի վեհաժողովում Սպիտակ տան ղեկավարին իր տեղը ցույց տալ։
Նշենք, որ Ֆիլիպիններում թմրաբիզնեսը բավականին լայն տարածում ունի, և այստեղից դեպի արտաքին աշխարհ ոչ լեգալ ճանապարհով տարեկան ահռելի քանակությամբ թմրամիջոց է հասնում։ Նախագահ Դուտերեն բազմիցս հայտարարել է դրա դեմ անհաշտ պայքար մղելու անհրաժեշտության մասին և մայիս ամսից սկսած՝ կատաղի պայքար է մղում այդ երևույթի դեմ։ Դուտերեի խոսքով՝ սպանվածների ցուցակը նայելիս պետք է հաշվի առնել ոչ միայն այդ պայքարի արդյունքում զոհվածների, այլ հենց թմրամիջոց օգտագործելու արդյունքում մահացածների թիվը, մինչդեռ Օբամայի հայտարարությունը դիտարկվել էր պատժիչ գործողությունների արդյունքում զոհվածների կոնտեքստում։ Դուտերեն և Օբաման Լաոսում պետք է հանդիպեին երկու երկրներին վերաբերող տնտեսական և քաղաքական հարցեր քննարկելու համար,սակայն, լսելով իր հասցեին նման վիրավորանքներ, Սպիտակ տան ղեկավարը չեղյալ էր հայտարարել հանդիպումը։ Այդ մասին հայտարարել էր ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության հատուկ ներկայացուցիչ Նեթ Փրայսը։
Ֆիլիպինների նախագահը խստորեն քննադատության է ենթարկել ՄԱԿ-ին թմրամիջոցների ու թմրաբիզնեսի դեմ ոչ արդյունավետ պայքարի ու բավական չափով կոմպետենտ չլինելու համար։ Նա առհասարակ սպառնացել է դուրս բերել իր երկիրը այդ կառույցից։ Սա, հիշեցնենք, դեռ երեկվա դրությամբ էր։
Իսկ ահա այսօր արդեն Ֆիլիպինների նախագահի մամլո ծառայությունը հաղորդագրություն տարածեց,որտեղ Ռոդրիգո Դուտերեն զղջում էր Բարաք Օբամային վիրավորելու համար և ներում հայցում, եթե իր բառերը ընկալվել են որպես ԱՄՆ նախագահին ուղղված անձնական վիրավորանք։
Սա իհարկե չի նշանակում, որ կոնֆլիկտը շարունակելու է խորանալ, սակայն Ֆիլիպինների նախագահը իր չարաբաստիկ հայտարարություններից հետո լավ կանի սեփական իշխանության պահպանման համար նոր քայլեր ձեռնարկել,որովհետև ԱՄՆ-ն այդ վիրավորանքը հենց այնպես կուլ չի տա։