Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը G20-ի շրջանակներում Չինաստանի Հանչժոու քաղաքում սեպտեմբերի 4-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Թերեզա Մեյի հետ: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Ինձ շատ հաճելի է հանդիպել Ձեզ հետ և անձամբ ծանոթանալ ու շնորհավորել Ձեզ Մեծ Բրիտանիայի վարչապետ ընտրվելու առթիվ: Բոլորի համար հասկանալի է, որ Ձեր և Ձեր թիմի առջև կանգնած են բարդ առաջադրանքներ, բայց մեր բոլորի առջև են կանգնած բարդ առաջադրանքներ»,- ասել է Պուտինը:
Նա հույս է հայտնել, որ երկու երկրներին կհաջողվի հարաբերություններ կառուցել ավելի բարձր մակարդակով, «քան դրանք այսօր են»: «Այստեղ մենք հաստատ անելիք ունենք և՛ քաղաքական ոլորտում, և՛ տնտեսական»,- ավելացրել է Պուտինը:
Ի պատասխան՝ Մեյը հայտարարել է. «Դուք ճիշտ ասացիք, որ այժմ աշխարհում կան շատ մարտահրավերներ: Եվ թեպետ ես հասկանում եմ, որ կա որոշակի հարցերի շարք, որոնցում մենք ունենք տարբեր տեսակետներ, բարդ, դժվար հարցեր, որոնք մենք կարող ենք քննարկել, սակայն ես հույս ունեմ, որ մենք նաև հնարավորություն ունենք շարունակելու երկխոսությունը»:



