![]() |
| Քաղաքական մեկնաբան |
ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո) հայտարարել է. «ԲՀԿ-ն, չունենալով սեփական թեկնածու, եթե Սերժ Սարգսյանին նախագահ դառնալու համար չբավարեր մեկ ձայն, ապա ես իմ ձայնը կտայի նրան, քանի որ նա հայրենասիրական դաշտի մարդ է: Բայց քանի որ այդ ձայնի կարիքը նա այսօր չունի, բնականաբար, ես ուղղորդվում եմ իմ կուսակցության դիրքորոշմամբ և չեմ մասնակցելու ընտրությանը»: ԲՀԿ-ական պատգամավորի խոսքում արտացոլվում է այն անորոշ իրավիճակը, որը ստեղծվել է ԲՀԿ-ում և նրա շուրջ: ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշումից հետո ոչ միայն չուղղորդեց իր ընտրազանգվածին, այլև նույնիսկ իր ներսում չպարզաբանեց, թե ինչ է նշանակում չմասնակցել ընտրություններին:
Իհարկե, առաջին հայացքից ԲՀԿ-ի որոշման մեջ ամեն ինչ ասված էր, սակայն դա միայն առաջին հայացքից, քանի որ ԲՀԿ-ական տարբեր պատգամավորների հայտարարություններն առաջիկա նախագահական ընտրությունների մասին պարզորոշ ձևով ցույց են տալիս, որ նրանք այդքան էլ չեն ընկալել տեքստի հիմնական տրամաբանությունը կամ ցույց են տալիս, թե այդպես են հասկացել կուսակցության մեսիջը: ԲՀԿ-ականների մի մասն այդ տեքստից «հասկացել» է, որ պետք է աջակցի գործող նախագահին, մի մասը կարծում է, որ իր ձայնը պետք է տա գործող նախագահին, մեկ այլ զանգված համարում է, որ իր չեզոքությամբ պետք է սատարի ՀՀԿ-ի թեկնածուին… Մի մասն էլ կտրուկ հայտարարություններով փորձում է հիշեցնել իր հավատարմության մասին:
Ի՞նչ կա իրականում ԲՀԿ-ի մտքում, իրականում ի՞նչ մեսիջ էր փորձում փոխանցել իր կուսակիցներին ԲՀԿ ղեկավարը, և արդյո՞ք ներկուլիսային պայմանավորվածություններ չեն եղել ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի շփումներում: Շատ բան կերևա առաջիկայում, մանավանդ, որ առջևում ավագանու ընտրություններ են, իսկ քաղաքապետի հավակնություններ ունեցողները կարծես թե այդքան էլ քիչ չեն:




