Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական մայրուղու կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Մոտ 116 կմ ճանապարհահատվածը, որի շնորհիվ ուղիղ կապ կլինի Հայաստանի հարավ-արևելյան և Արցախի հյուսիսային շրջանների միջև, դրական ազդեցություն կունենա ՀՀ և ԼՂ սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման համար: Այս ճանապարհը Լաչինի միջանցքին այլընտրանք հանդիսացող ճանապարհ է: Եվ հաշվի առնելով Հայաստանի ու Արցախի տարածքի լեռնային բնույթն ու ռազմաքաղաքական դրությունը, այն ավելի մեծ, որոշ հարցերում նույնիսկ անփոխարինելի նշանակություն է ձեռք բերում:
Կառավարության այսօրվա նիստում որոշվել է գումար հատկացնել մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար: Գործադիրը «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրելու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2016 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնելու է 1.2 մլրդ դրամ:
116 կմ երկարությամբ ավտոճանապարհը, որը նախկինում դժվարանցանելի էր, ունի 10 և ավելի մետր լայնություն, որից 7 մետրը կկազմի ասֆալտապատ երթևեկելի հատվածը: Նախորդ տարվա ընթացքում կառուցվել են արհեստական կառուցվածքներ, այդ թվում ջրահեռացման խողովակներ, ափապաշտպան կառույցներ, հենապատեր ու եզրաքարեր, ինչպես նաև վերանորոգվել է 17 մեծ ու փոքր կամուրջ: Ավտոմայրուղու շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա ընթացքում: