Image result for ՍեֆիլյանՍեֆիլյանի թիրախն իրականում ոչ թե բանակն է, այլ հանրությունը

Այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ից Ժիրայր Սեֆիլյանը հանդես է եկել հերթական նամակ-կոչով: Նա իր նամակում անդրադարձել է ապրիլյան պատերազմի հետևանքներին, քննադատել իշխանություններին, և նամակի վերջում, դիմելով բանակին, հետևյալ միտքն արտահայտել.

«Իրավիճակը ստանդարտ չէ, ուստի պետք է գործել ոչ ստանդարտ տրամաբանությամբ և ազգադավ Սերժ Սարգսյանից թույլտվություն կամ հրաման սպասելու փոխարեն գործել ինքնուրույն՝ զուգահեռաբար խափանելով նաև մեր երկիրը գաղութացնելու և Արցախը մեզանից օտարելու աշխարհաքաղաքական ծրագրերը»:

Այս հայտարարությանը կարելի է մոտենալ երկու դիտանկյունից: Առաջինն այն է, որ եթե քննարկում ենք հայտարարության հետևանքները, առհասարակ, տեսնում ենք, որ այն առաջին հերթին ունենալու է ապակայունացնող ազդեցություն: Հատկապես այս կիսապատերազմական փուլում միանգամայն անընդունելի է բանակի ու պետության ղեկավարությունից զատ, սեպարատ որևէ գործողության իրականացումը սահմանագծում կամ դրա հորդորը: Պատմության մեջ ցանկացած փուլում հաղթել է համակարգված գործող բանակը: Սա փաստ է:

Բացի այդ անհասկանալի է, թե ինչ «ոչ ստանդարտ» վիճակի մասին է խոսում Սեֆիլյանը: «Ոչ ստանդարտ» կարող է լինել, ասենք մեծ տերիտորիայի օկուպացիան, որից հետո պարտիզանական ու ֆիդայական մարտերի անհրաժեշտություն լինի, ենթադրենք, այդ շրջանների ու այդտեղ գտնվող անձանց հետ կապը բացակայի և նրանք գործեն ինքնուրույն, ըստ անհրաժեշտության ու պայմանների թելադրածի: Մինչդեռ այս պարագայում, սահմանները վստահորեն հսկում են Պաշտպանության բանակի ուժերը ու միանգամայն նույնական արձագանքում են Ադրբեջանական գործողություններին:

Սեֆիլյանի հայտարարության այս ոչ ադեկվատ հատվածները հասկանալու համար մեզ օգնում է երկրորդ դիտանկյունը, որն արդեն բացահայտում է հայտարարության հիմնական նպատակն ու թիրախը: Այսպես, արդյո՞ք այս հայտարարությունն ուղղված է բանակին: Իհարկե, ոչ: Սեֆիլյանը պատկերացնում է, որ իր կոչը բանակի լայն շերտերին գործնականում չի կարող հասնել: Միևնույն ժամանակ հայկական բանակի կառուցվածքը, կազմը, ինչպես նաև հրամանատարական կազմի մշակույթը թույլ չեն տա զինվորականներին դիմել ինքնագործունեության:

Սեֆիլյանի հիմնական թիրախն իրականում հայ հանրությունն է, որի շրջանում արագորեն տարածվում է այս տեղեկատվությունը: Սեֆիլյանը, փաստորեն, նպատակ ունի պարզապես պահել «Սասնա ծռեր»-ի շարժման ոգին ու ցույց տալ, որ ինքը չի հրաժարվել նախապես դրված նպատակներից ու գործելաոճից: Թեև, ինչպես տեսնում ենք, «Սասնա ծռեր»-ի քաղաքական խորհուրդը ևս բավարարվում է լոկ հայտարարություններով ու գործնական դաշտում այն շարունակում է պասիվ մնալ: Այստեղ ցավալին այն է, որ Սեֆիլյանն ու իր թիմակիցներ շարունակում են առանց տատանվելու առաջ տանել նախապես որդեգրված և իր մեջ քրեական տարրեր պարունակող քաղաքական գիծը: Դա պարբերաբար հաստատվում է «Սասնա ծռեր»-ի անդամների ու նրանց համակիրների հայտարարություններով, որը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել