Հայաստանում ընդդիմադիր հարթակը բաժանված է տարատեսակ ուժերի միջև: Ընդդիմադիր միավորները հանդես են գալիս տարբեր քաղաքական մարտավարությամբ և առաջ քաշվող պահանջներով` երկրում փոփոխություններ անելուց սկսած մինչև իշխանափոխություն, արտահերթ ընտրություններ և ժողովրդի վստահված կառավարության ձևավորում:
Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերի հավաքների ժամանակ «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչների կողմից առաջ էին քաշվում իշխանափոխության և ժողովրդի վստահության կառավարության ձևավորման պահանջները: «Նոր Հայաստան»-ի լիդերները խոստանում էին, թե շատ չանցած քաղաքացիները ականատես են լինելու իրենց կողմից ժողովրդի վստահության կառավարության ձևավորմանը:
Թեման կրկին ակտուալ դարձավ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու օրերին, երբ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» անցկացվող հավաքներում համակարգող խորհրդի անդամները շեշտում էին ժողովրդի վստահության կառավարության ձևավորման անհրաժեշտության մասին: Այդ օրերին Վարուժան Ավետիսյանը նույնիսկ անուններ էր տալիս, թե ովքեր կարող են լինել իրենց ձևավորած կառավարության կազմում, իսկ Ալեք Ենիգոմշյանը նշում էր, թե սկզբնական շրջանում վստահության կառավարությունը լինելու է զուգահեռ կառավարություն, որի մեջ ներգրավելու են ներհայաստանյան և արտահայաստանյան կառուցողական ուժերին, այնուհետեւ վերջնագիր են ներկայացնելու իշխանություններին, ապա հանրաքվեի անցկացմամբ նոր Սահմանադրություն են ընդունելու:
Սպասվում էր, որ «Սասնա ծռեր» համակարգող խորհուրդը գործի է անցնելու, սակայն խորհուրդը հապաղեց, այդպես էլ չներկայացրեց իրենց գործողությունների պլանը` այն է ճանապարհայինն քարտեզը` ժողովրդի կառավարություն ձևավորելու ճանապարհին: Դա տեղի չունեցավ նաև օգոստոսի 26-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, երբ Ենիգոմշյանը նշեց, թե սեպտեմբերին իրենք գումարելու են համազգային համաժողով, որի ընթացքում էլ ներկայացնելու են ճանապարհային քարտեզը:
Նախօրեին Անդրեաս Ղուկասյանը բաց նամակ էր հղել Անդրեաս Ղուկասյանին` կոչ անելով կյանքի կոչել ժողովրդի վստահության կառավարություն և արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը, այնինչ Ալեք Ենիգոմշյանն անդրադառնալով Ղուկասյանի` ՔԿՀ-ից ուղարկված նամակին նշում է, որ ժողովրդի վստահության կառավարության ձևավորման մասին վաղ է խոսելը:
Հետաքրքիր է` եթե սեպտեմբերի ընթացքում «Սասնա ծռեր» խորհրդի անդամները ներկայացնելու են ճանապարհային քարտեզ, ապա ինչո՞ւ է ժողովրդի վստահության կառավարության ձևավորման մասին խոսելը վաղ, մի՞թե այդ քայլը չի ներկայացվելու ճանապարհային քարտեզում: