Այ մարդ, ես ասենք գիտեի, որ որոշ մարդկանց մոտ խոսքի տարօրինակ պատկերացումներ կան սիրո մասին ու ընտրյալի իդեալների, բայց դե Ուրիխանյանը պարզապես բզկտեց իմ ունեցած պատկերացումները, երբ հայտարարեց, որ սիրո խոստովանություններ արել է բազմիցս և անում է անընդմեջ, բայց դեռ սպասում է, թե երբ վերջապես կհայտնվի այն մեկը, ում համար «արժե պոկել աշխարհի ամենամեծ ծառը, թաթախել լավայի մեջ ու գրել սարի լանջին», թե ինչպես է նրան սիրում...
Ես իհարկե հասկանում եմ, որ հայտնի քաղաքական ուժում ուժեղ տղա լինելու ձիրգը առանցքայիններից մեկն է, բայց համաձայնվեք, աշխարհի ամենամեծ ծառը պոկելը (արարք, որի դեպքում բնապահպանները մի երկու հատ թիթեռ կնկարեին ու հաստատ ոչ սարի լանջին), էդ ծառը չգիտես ինչու լավայի մեջ թաթախելը (ասենք պատկերացրեք էլի, Ուրիխանյանը մի հատ սեկվայա արմատախիլ արած, թաթախում է այն Վեզուվիյ հրաբխի խառնարանի մեջ) ու հետո... սարի լանջին գրելը (սկսեցի կասկածել, որ էն Չայնու դքի բլրի դոշին «Բարգավաճ Հայաստան» գրության հեղինակին եմ պալիտ արել) ինչ խոսք, էքսցենտրիկ է, բայց ռոմանտիկ չեմ կոչի։ Երևի սենց բաներ ա գնացել ասել, որ ինչպես ինքն է ասում, ստիպված է բազմիցս խոստովանություններ անել... էհ Տիգրան ջան, մեջը քյար, քանի դու սենց սահմռկեցուցիչ բաներ խոստանաս, քեզ հա չեն ասի...

****
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Սուրբ Վալենտինի տոնին բազմաթիվ անգամներ գրել է շատ ավելի բովանդակային և ռոմանտիկ նամակներ, սիրո խոստովանություններ արել է բազմիցս և անում է անընդմեջ, բայց դեռ սպասում է, թե երբ վերջապես կհայտնվի այն մեկը, ում համար «արժե պոկել աշխարհի ամենամեծ ծառը, թաթախել լավայի մեջ ու գրել սարի լանջին», թե ինչպես է նրան սիրում:

«Ես անկեղծ զգացմունքներ տածում եմ մի քանի աղջկա նկատմամբ, ինչը հենց այն խոչընդոտներից է, որն ինձ թույլ չի տալիս սիրո հարցում վերջապես կողմնորոշվել, ցավում եմ այդ առթիվ»,-Tert.am-ի հետ զրուցում ասաց երիտասարդ պատգամավորը՝ նշելով, որ գրեթե բոլոր աղջիկները առաջացնում են իրենց առջև ծնկաչոք գովեստի խոսքեր և երգեր ասելու ցանկություն: «Հիմա ես ախր ինչպե՞ս կողմնորոշվեմ»,- ավելացրեց նա:

Սուրբ Սարգսի տոնի առթիվ Ուրիխանյանն արդեն ասել է այն, ինչ կարելի էր այս տոնի մասին ասել: Վալենտինի տոնը նշելու ավանդույթը դրական է համարում, թեպետ գիտի, որ մենք ունենք մեր սեփական, եկեղեցական տոնը: «Չնայած շատերն ասում են, որ չարժե օտարամոլությամբ շարժվել, այնուամենայնիվ, ինչքան որ շատ սիրեն երիտասարդները, և ոչ միայն երիտասարդները, ինչքան որ շատ լինի սիրահարվածությունը, ինչքան որ ավելի շատ լինեն այդ խորհուրդն իր մեջ պարունակող օրերն ու տոները, այնքան ավելի լավ»,- ասաց նա և ցավով նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող իրեն համարել անձնավորություն, ում կարելի է շնորհավորել այդ առթիվ, որովհետև դեռևս չի հայտնվել այն մարդը, որը երկրագնդով մեկ շաղ տված իր սրտի բեկորները կհավաքի մի զամբյուղի մեջ ու կմատուցի իրեն:

«Ինքս շնորհավորել եմ այն մարդկանց, ովքեր տոգորված են փոխադարձ սիրով, բայց ինձ, ցավոք սրտի, դա առայժմ չի վերաբերում, թեպետ մինչև հաջորդ տոնը պարտադիր հարցը լուծված է լինելու: Չգիտեմ ով կլինի, բայց գիտեմ, որ հարցը, միանշանակ, լուծված է լինելու»,-ասաց նա: Իսկ թե որտեղից է այդքան վստահությունը, Ուրիխանյանը պատասխանեց, որ զգում է՝ ժամն ու պահն է եկել:

Աղջիկների կողմից սիրո խոստովանություններ Ազգային ժողովի չնվաճված սրտերից մեկը ստացել է ուսանողական տարիներին: «Գրասեղանին գրիչով գրված էին իմ մասին մանրամասներ, մի ծավալուն ստեղծագործություն էր, ես էլ վրդովվել էի՝ ասելով, որ հերիք չէ սեղանս են փչացրել, մի հատ էլ անուն չեն գրել»,- պատմեց Տիգրան Ուրիխանյանը:

tert.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել