Image result for տնտեսականՔաղաքական պրոցեսներն ազդում են տնտեսականի ցուցանիշների վրա

Երկրում ստեղծված ներկա տնտեսական իրավիճակը և գրանցված ցուցանիշները գտնվում են հանրությանն և ԶԼՄ-ների հետաքրքրության կիզակետում: Չնայած այն հանգամանքին, որ ԱՎԾ-ի ներկայացրած տվյալների նկատմամբ գոյություն ունի որոշակի վստահության պակաս, վիճակագրական ծառայության վերջին հրապարակումը` տնտեսական ակտիվության ցուցանիշների վերաբերյալ բուռն քննարկումների տեղիք տվեց: Խնդիրն այն է, որ ըստ պաշտոնական վիճակագրության` այս տարվա հուլիսին արդեն նախորդ տարվա հուլիսի համեմատ անկում է արձանագրվել՝ 4.3%:

Հուլիս ամսվա ՏԱՑ ցուցանիշները կախված են նախորդ տարի գրանցված արդյունքից և այդ ամսվա ընթացքում տնտեսության վրա ազդող տարբեր գործոններից: Տարբեր ամիսներին կարող են գրանցվել տարբեր ցուցանիշներ` մի ամիս կարող է գրանցվել շատ բարձր ցուցանիշ, մյուս ամսին նվազ, այլ կերպ ասած` հնարավոր է, որ մի ամսվա ընթացքում գրանցված բացասական արդյունքը լրացվի մեկ այլ ամիս գրանցված աճի հաշվին: Այսինքն, տնտեսական ակտիվության գրանցած ցուցանիշները հարաբերական են, քանի որ դրանք դիտարկվում են նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատության համատեքստում: Օրինակ՝ նախորդ տարվա մեկ ամսի տնտեսական ծանր վիճակի համեմատությամբ այս տարվա նույն ամսի փոքր տնտեսական ձեռքբերումը թվային տեսքով կարող է բարձր ցուցանիշներ արձանագրել: Ինչպես նաև, կարող է լինել հակառակը:

Միևնույն ժամանակ ՏԱՑ-ի ցանկացած արդյունքի` հատկապես բացասական ցուցանիշների արձանագրման դեպքում անհրաժեշտ է մանրակրկիտ վերլուծել տնտեսությունում առկա իրավիճակը և առանձին ոլորտների վրա ազդող այն գործոննները, որոնք ներգործում են տնտեսության նուրբ թելերի վրա, ապա անցնել տնտեսության աշխուժացմանը միտված վճռական քայլերի:

Այսպես` հաշվի առնելով, որ հուլիս ամսին զգալի անկում է գրանցվել ծառայությունների, շինարարության և արդյունաբերության ոլորտներում, ապա պետք է ուղիներ փնտրել այս ճյուղերի ակտիվացման համար: Օրինակ` կարելի է շեշտը դնել արտադրական շինարարության, վերամշակող արդյունաբերության զարգացման վրա, թեթևացնել ՓՄՁ-ների հարկային բեռը, ստեղծել ազատ տնտեսական գոտիներ և այլն:
Պետք է հաշվի առնել նաև այն, թե երկրում ինչ քաղաքական պրոցեսներ են ընթանում, քանի որ բիզնեսը շատ զգայուն է քաղաքական վայրիվերումների նկատմամբ: Այն երկրներում, որտեղ քաղաքական կայունության հետ կապված խնդիրներ կան ներդրողները չեն ցանկանում ներդրումներ անել:

Կարծում եմ` կարևոր է հանրությանը ձեռքբերումների հետ միասին ներկայացնել տնտեսության մեջ առկա բացթողումները, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչ պրոբլեմներ և խնդիրներ կան ու ինչ է արվում դրանք հանգուցալուծելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել