Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում անընդմեջ արծարծվել է ազատագրված տարածքների հանձման, փոխզիջման հարցը, իսկ այս տարվա ապրիլյան իրադարձություններն արձանագրեցին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այնքան էլ «սառը» չէ, իսկ դրանից հետո նորովի վերսկսված բանակցություններում նորից բարձրացվեց ազատագրված տարածքների հիմնահարցը:
Խոսքն այն տարածքների մասին է, որոնք ԽՍՀՄ-ի տարիներին ներառված չէին Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմանների մեջ, այլ ուղղակիորեն մտնում էին Ադրբեջանի կազմի մեջ: Արցախյան ազատագրական պայքարի ժամանակ հայկական ուժերը կարողացան ազատագրել այդ տարածքները: Տարածքները հետևյալն են. Քաշաթաղ (Լաչին), Քարվաճառ (Քելբաջար), Ակն (Աղդամ), Վարանդա (Ֆիզուլի), Կովսական (Զանգելան), Ջրական (Ջաբրաիլ), Սանասար (Քուբաթլի): Հարկ է նշել, որ դեռ «Բիշքեքյան արձանագրությունների» ստորագրման ժամանակ այս տարածքների հստակ բնորոշումը հայկական և ադրբեջանական պատվիրակությունների հիմնական կռվախնձորն էր: Հայկական կողմը պնդում էր, որ այդ տարածքները փաստաթղթում ձևակերպվեն որպես «ազատագրված» տարածքներ, ղարաբաղյան կողմը՝ «ղարաբաղյան պաշտպանական ուժերի կողմից գրավված տարածքներ», իսկ ադրբեջանական կողմը՝ «գրավյալ»: Արդյունքում ընդունվեց ռուսական պատվիրակության կողմից առաջարկված «զբաղեցրած տարածքներ»՝ առավել չեզոք տարբերակը և որն էլ ամրագրվեց փաստաթղթում1: (1994թ. Մայիսի 5-ին կնքված Բիշքեքյան արձանագրության փաստաթղթում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրության հետ առկա է նաև Ղարաբաղի ներկայացուցչի ստորագրությունը: (Հայաստանի կողմից` Բ. Արարքցյանը, ԼՂՀ կողմից` Կ. Բաբուրյանը, ՌԴ կողմից` Վ. Շումեյկոն, Ղրղըզստանի կողմից` Մ. Շերիմկուլովը, նաև՝ Վ. Կազիմիրովը և Մ. Կրոտովը): Հարկ է նշել, որ ադրբեջանական կողմը սկզբնական շրջանում դեմ էր համաձայնագրին: Ադրբեջանական կողմը՝ հանձինս խորհրդարանի փոխնախագահ Ա. Ջալիլովի, հրաժարվում է ստորագրել համաձայնագիրը: Հետագայում, սակայն, մայիսի 8-ին Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Ռ. Գուլիևը տեղեկացնում է, որ իրենք նույնպես միանում են համաձայնագրին):
Բանակցությունների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների կողմից առաջարկված «Փաթեթային», «Փուլային», «Ընդհանուր պետություն» փաստաթղթերում, Փարիզյան սկզբունքների հիման վրա կազմված Քի Վեստյան համաձայնագրերում ոչ միայն որոշվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, այլ նաև այդ 7 շրջանների ճակատագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմում: 2007 թ. բանակցությունների սեղանին դրված Մադրիդյան սկզբունքներում, որի 6 հիմնական կետերը բացահայտվել էին ԵԱՀԿ Մինսկի համանախագահների` Լ’Աքվիլիայում արված հայտարարությունում, ինչպես նաև Մադրիդյան սկզբունքներին ածանցյալ Կազանի առաջարկություններում, նույնպես անդրարդարձ կա ազատագրված տարածքներին: Լ’Աքվիլայի հայտարարության մեջ ասված է. «Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք»2, իսկ Կազանյան փաստաթղթի աշխատանքային տարբերակում նշվում է. «Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Վերադարձի մանրամասները կողմերը համաձայնեցնում են Խաղաղության համաձայնագրով: Առաջին փուլում վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանները: Հետագայում վերադարձվում են Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները»3:
Ավելի քան 20 տարի տևող «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը, այդ տարիների ընթացքում բանակցային գործընթացի ցածր արդյունավետությունն ու Ադրբեջանի ահագնացող ռազմատենչ հռետորաբանությունը զգալի փոփոխությունների են ենթարկել հայկական երկու կողմերի ընկալումները «ազատագրված տարածքների» վերաբերյալ: Եթե հրադադարի կնքումից անմիջապես հետո ԼՂԻՄ-ին հարակից ազատագրված շրջաններն ընկալվում էին որպես բուֆերային գոտի (որն անվտանգության ամուր երաշխիքների դիմաց կողմերը պատրաստ էին վերադարձնել Ադրբեջանին), ապա այսօր դրանք արդեն կայացած պետության՝ ԼՂՀ, անքակտելի մաս են՝ թե՛ պետական կառավարման համակարգի, թե՛ հասարակության ընկալումների մեջ։ Իսկ ադրբեջանական կողմն իր հերթին աստիճանաբար կոշտացնում է իր դիրքորոշումը, և, եթե առաջ քննարկվում էր 6 կամ 5 շրջանների վերադարձի խնդիրը, այսօր Ադրբեջանը պնդում է բոլոր տարածքների վերադարձը և հավակնություններ ցուցաբերում նույնիսկ Հայաստանի տարածքների նկատմամբ4։ (Հարկ է նշել, որ ադրբեջանական կողմի սանձարձակ պահվածքի պատճառներից մեկը հայկական կողմի դիվանագիտական կոպիտ սխալներից մեկն էր, երբ Ռոբերտ Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո դառնալով ՀՀ նախագահ, Ղարաբաղը դուրս թողեց բանակցային սեղանից: Պատճառներից մյուսն այն է, որ տարածաշրջանում ձևավորվել է ռուս-ադրբեջանական տանդեմ: 2009 թ.-ից սկսած ռուսական կողմը մի քանի միլիարդ դոլարի հարձակվողական զենք է վաճառել Ադրբեջանին, որի իրավունքը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երկիր պարզապես չուներ: Մինսկի խմբի անդամ մյուս երկրները` ԱՄՆ և Ֆրանսիան, հակամարտության մեջ գտնվող երկրներին զենք չեն վաճառում: Ռուսական վաճառված զենքի պատճառով տարածաշրջանում ռազմական տեխնիկայի առումով ուժերի հարաբերակցությունը փոխվում է օգուտ Ադրբեջանի, որը և պատճառ է հանդիսանում ադրբեջանական սանձարձակ պահվածքին):
«Եթե անցյալում ազատագրված տարածքներն ընկալվում էին որպես բուֆերային գոտի, ապա այժմ դրանք ընկալվում են որպես ԼՂՀ անքակտելի մաս՝ ամրագրված Սահմանադրությամբ»,- խոսելով կերպափոխման մասին՝ պնդում է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը5։ «Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»,- ասված է ԼՂՀ Սահմանադրության 142-րդ հոդվածում6: Հայաստանի կողմից ազատագրված տարածքները բանակցությունների վարման սկզբում դիտարկվել են որպես բանակցային բաղադրիչ, սակայն պայմանները, որոնց դիմաց Հայաստանը պատրաստ է եղել ստորագրել տարածքների վերադարձը, փոփոխվել են: Լևոն Տեր-Պետրոսյանի համար ընդունելի էր համարվում փուլային կարգավորումը՝ տարածքների հանձնում և անորոշ ժամանակում կարգավիճակի հստակեցում, Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք բանակցությունների սեղանին առկա փատաթղթերից էական շեղում տեղի ունեցավ, երբ պարզվեց, որ Ռ.Քոչարյանը Հեյդար Ալիևի հետ բանակցում էր Մեղրին ԼՂ-ի հետ փոխարինելու հակապետական ծրագիրը: Բարեբախտաբար այդ դավաճանական ծրագիրը տապալվեց, քանի որ Հեյդար Ալիևը վերջում հրաժարվեց ստորագրել այն և կողմերը վերադարձ կատարեցին մինչ այդ բանակցային սեղանին գտնվող փաստաթղթերին: Սերժ Սարգսյանի նախագահության օրոք վերադարձ կատարվեց այն հիմնական սկզբունքներին, որոնց շուրջ բանակցում էր Տեր-Պետրոսյանը: Սակայն ներկայումս «Մադրիդյան սկզբունքներ» անունով հայտնի փաստաթղթի շրջանակներում ընթացքող բանակցություններում Սերժ Սարգսյանը հանդես է գալիս «տարածքների զիջում՝ ԼՂ կարգավիճակի դիմաց» սկզբունքով: Վերոգրյալ երկու հարցերը դրվում են միաժամանակ պարտադիր կարգավորման ներքո, և տարածքների վերադարձը դիտարկվում է որպես հնարավոր զիջում՝ հանրաքվեի միջոցով կարգավիճակի սահմանման և ճանաչման դիմաց: Ադրբեջանը իր հերթին մշտապես հանդես է եկել այդ տարածքներն իրեն վերդարաձնելու կոչով և միշտ դրանք բնորոշել է Հայաստանի կողմից անօրինական «օկուպացված» տարածքներ: «Ադրբեջանի հանդեպ անհիմն տարածքային հավակնություններ առաջ քաշած հարևան Հայաստանը՝ ռազմական ագրեսիայի արդյունքում օկուպացրել է մեր տարածքների 20 տոկոսը, մեկ միլիոնից ավել մեր հայրենակիցները ենթարկվել են էթնիկ զտման ու դարձել փախստական»7: Այսօր Ադրբեջանի հռետորաբանությունը կտրուկ փոփոխության է ենթարկվել: Այժմ Ադրբեջանը հավակնություններ է ցուցաբերում ոչ միայն ազատագրված տարածքների, Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի տարածքների նկատմամբ: «Մերն է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև նույնիսկ ներկայիս Հայաստանն է ստեղծվել պատմական ադրբեջանական հողերի վրա: Մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք և կվերադառնանք նաև այդ տարածքներ».- ասել է Իլհամ Ալիևը8:
Մեր պետական այրերի մոտ կարծես թե երկու խումբ է ձևավորվել՝ ազատագրված հողերը «հանձնողների» և «չհանձնողների»: «Հանձնողները» այդ փաստը բացատրում են նրանով, որ այդ տարածքները հենց այդ նպատակով էլ գրավվել են և կարևոր նախապայման են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար[9]:
Արմինե Գևորգյան
[1] Տե´ս Владимир Казимиров, “Мир Карабаху”, июль 2009г, էջ . 151-153.
[2] Տե´ս Statement by the OSCE Minsk Group Co-Chair countries, L’AQUILA, 10 July 2009, at http://www.osce.org/mg/51152
[3]Տե´ս http://www.aniarc.am/2016/06/23/kazan-document-23-june/
[4] Տե´ս Ա.Կարապետյան. Տարածքային խնդիրների ընկալման փոխակերպման Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում. «21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.
[5] Տե´ս ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հարցազրույցը «Armtimes․am» կայքին, http://armtimes.com/hy/read/43027, 22 հունիս, 2013։
[6] Տե´ս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրություն, ընդունված 2006թ. դեկտեմբերի 10-ին։
[7] Տե´ս Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի ելույթը՝ ՆԱՏՕ-ի 50-ամյա հոբելյանին նվիրված գագաթնաժողովում-26 ապրիլի 1999 թ. http://lib.aliyevheritage.org/am/6775244.html
[8]Տե´ս Президент Ильхам Алиев: “Имеющаяся в арсенале азербайджанской армии техника с высокой точностью может уничтожить любую цель в Нагорном Карабахе и Армении” http://azertag.az/ru/xeber/V_Garadagskom_raione_sostoyalos_otkrytie_novoi_bazy_i_N_skoi_voinskoi_chasti_Voenno_morskih_sil_V_otkrytii_prinyal_uchastie_Prezident_Azerbaidzhana_Verhovnyi_glavnokomanduyushchii_Vooruzhennymi_Silami_Ilham_Aliev_VIDEO-866922