ՀԱՄԱՐՅԱ… ՏՐՆԳԻ ԿԱՄ՝ ՑՈՒՑԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԵՆԱՊԱՅՔԱՐ
Առաջիկա աշնանը «տեղերում» անհամեմատ թեժ է լինելու: Նախ, սեպտեմբերի 18-ի մի շարք համայնքներում են նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ (Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Տավուշի, Սյունիքի մարզերում): Իսկ դրանից ընդամենը երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի 2-ին էլ Գյումրիում և Վանաձորում են նշանակված քաղաքային իշխանության՝ ավագանու ընտրություններ (նաև՝ Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռվա, Վայոց ձորի, Սյունիքի և Շիրակի մարզերի բազմաթիվ համայնքներում):
Ըստ որում, Շիրակի և Լոռու մարզկենտրոններում, ինչպես հայտնի է, քաղաքային իշխանությունները ձևավորվելու են խորհրդարանական ու համամասնական եղանակներով, այսինքն՝ «երևանյան մոդելով». ընտրություններին մասնակցելու են կուսակցությունները կամ դրանց դաշինքները, համամասնական կարգով, ապա ձևավորված ավագանու կազմից կորոշվի քաղաքապետը: Հասկանալի է, որ քաղաքապետ կարող է դառնալ ավագանիում մեծամասնություն կազմող ուժի (ուժերի դաշինքի ներկայացուցիչը): Բայց դա մի ամիսուկես հետո: Իսկ հիմա…
Երեկ հայրենի ոստիկանության պաշտոնական կայքում զետեղվեցին Գյումրու և Վանաձորի ընտրողների նախնական ցուցակները, որոնք նաև տրամադրվել են տեղամասային կենտրոններին: Ոստիկանությունը նաև հայտնել է, որ ընտրողների ցուցակներում անճշտություններ (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող անճշտություններ) հայտնաբերելու դեպքում կարելի է մինչև սեպտեմբերի 22-ը դիմել տարածքային անձնագրային ծառայություններ կամ անձնագրային և վիզաների վարչություն:
Կարծում ենք, ինչպես Գյումրիում, այնպես էլ՝ Վանաձորում քաղաքային իշխանության համար պայքարի մեջ մտնող ուժերի ներկայացուցիչներն արդեն պետք է գործի լծված լինեն՝ ընտրողների ցուցակները «մուշտարու աչքով» ուսումնասիրելու, անճշտություններ հայտնաբերելու, դրանք ճշտությունների վերածելու առումներով: Մեկնարկն, ինչպես ասվում է՝ տրված է:
Չնայած, զանազան ու նույնիսկ զարմանազան կուսակցությունները նախքան այս էլ «ցուցակային» գործերի մեջ էին, բայց փոքր-ինչ այլ իմաստով. ճշտում, շտկում, վերջնական տեսքի են բերում ավագանու իրենց թեկնածուների համամասնական ցուցակները:
Ի՛նչն է հետաքրքիր: Եթե ոչ վաղ անցյալում ՏԻՄ ընտրություններն առանձնապես չէին արժանանում հայրենի, այսպես ասենք՝ ոչ իշխանական ուժերի բարձր ուշադրությանը, ապա այս տարի ակնհայտ է ընդդիմադիր, իշխանական ճամբարում չընդգրծված ուժերի ընդգծված հետաքրքրությունը և ակտիվությունը:
Վանաձորում դա նկատելի է, իսկ հանրապետության երկրորդ խոշոր քաղաք Գյումրիում նույն դրսևորումներն առավել ցայտուն են արտահայտված: Այստեղ անգամ լրատվամիջոցից «քաղաքային» կուսակցություն ձևավորվեց՝ Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով: Խոսքը ԳաԼԱ՝ «Գաղափարական լիբերալների ալյանս»ի մասին է, որի կորիզը կազմում են հապավմանը համանուն հեռուստաընկերության աշխատակիցները: Դե, իսկ հեռուստաընկերության ղեկավար Վահան Խաչատրյանն էլ, ամենայն հավանականությամբ, կգլխավորի ԳաԼԱ-ի համամասնական ցուցակը՝ Գյումրու քաղաքապետ դառնալու անթաքույց հավակնություններով:
Ճիշտ է, դրա համար դեռ պետք է ընտրապայքարում մնացած բոլորից ավելի շատ քվեներ ստանալ: Իսկ դա, որքան էլ մեջքիդ մի ամբողջ յուրային հեռուստաընկերություն կանգնած լինի, ամենևին դյուրին գործ չի, քանզի ԳաԼԱ-ից բացի ընտրապայքարի մեջ են մտնելու ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ-ը), «Քաղաքացիական պայմանագիրն» ու, հնարավոր է՝ ՀԱԿ-ը, չհաշված «Լուսավոր Հայաստանը», «Համախմբումը», «Ալյանսը», ու ինչ իմանաս, թե էլ ինչ կուսակցություն, որ վերջին պահին «մեյդան կգա»:
Բայց միառժամանակ հանգիստ թողնենք «մյուսներին» ու թեթևակի կենտրոնանանք ԳաԼԱ-ի վրա: «Ինչո՞ւ»-ի պատասխանը պարզից էլ պարզ է: Բանն այն է, որ հեռուստաընկերության բազայի վրա ու լսարանի աջակցության ակնկալիքով համանուն կուսակցություն ձևավորելը Վահան Խաչատրյանի մինիմում ծրագիրն էր: Հիմնական նպատակը կամ մաքսիմում ծրագիրը նոր անվան շուրջ, առանձին վերցրած խոշոր քաղաքում ընդդիմադիր ուժերը համախմբելն էր: Կարելի է նույնիսկ ասել, որ դա հեռուստակուսակցություն ստեղծելու բուն առաքալությունն էր:
Ասում ենք՝ էր, որովհետև հենց իրենք են ասում, որ առաքելությունը տապալվեց: Ավելի պարզ, թե ԳԱԼԱ հեռուստաընկերության ղեկավար Վահան Խաչատրյանը, թե ԳաԼԱ կուսակցության վարչության անդամ Արմենուհի Վարդանյանը տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում երեկ հայտարարել են, որ ընդդիմադիր ուժերի լայն համախմբումը և ընտրություններին, այսպես ասենք՝ «միասնական բռունցքով» մասնակցելու գործը գլուխ չի գալիս: Կարճ ասած «լայն համախմբում» չի ստացվում, թեպետ «նեղ համախմբում», այսինքն՝ երկու ուժով դաշինք կազմելու տարբերակին, ինչպես նշել են Խաչատրյանն ու Վարդանյանը, իրենց հետ բանակցած կուսակցությունները դեմ չեն: Նրանց ասածի համաձայն, երկուսի միավորումը շատերին ընդունելի է եղել, սակայն երբ խոսք է բացվել երրորդ ուժի, էլ չասած՝ չորրորդ, հինգերորդի մասին, սկսվել են տարաձայնությունները: Հա, բայց զուտ երկկողմանի դաշինքն էլ արդեն ԳաԼԱ-ի համար այն չէ: Իրենց ուզածն ու հանձնարարականը «լայն համախմբուն» էր:
Ուշագրավ է, որ անդրադառնալով panorama.am-ի հարցին, թե ի՞նչը խանգարեց, որ միասնական ցուցակով ընդդիմադիր դաշտը ներկայանար Գյումրիի քաղաքապետի ընտրություններում, Արմենուհի Վարդանյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ ավելի շատ ամբիցիաները խանգարեցին, ոմանց նաև՝ իշխանությունները խանգարեցին: Իշխանությունն իր հերթին մեզ հետ զուգահեռ աշխատում էր, որ այդ համախմբումը տեղի չունենա, որովհետև իրենք վախենում էին այդ համախմբումից: Բացի այդ, շատ խանգարեցին քաղաքական ուժերի ամբիցիաները, որովհետև բոլոր քաղաքական ուժերը համաձայն էին երկկողմանի դաշինքի, բայց մեր նպատակը համախմբելն էր: Երբ տրվում էր երրորդ կամ մյուս կուսակցության անունը, հայտնվում էին տարաձայնություններ, ամբիցիաներ և այլն»:
Հարգելիներս, հանգիստ թողեք իշխանություններին ու նրանց վախերը: Եթե մի քանի կուսակցությունով չեք կարողանում խելք-խելքի տալ ու քաղաքական խնդիրները վեր դնել հավակնություններից, իշխանությունները, կներեք, «պրիչյո՞մ»: Ասեք, որ մեծ-մեծ խոսացող մի շարք ուժերի ներկայացուցիչներ անբաշարք դուրս եկան ու անհեռատես: Իշխանություններին իրենց ունեցած մյուս մեղքերն էլ թերևս բավական են, որ մի հատ էլ ամբիցիոզ առաջնորդիկների համախմման տորպեդահարումն էլ ավելացնենք: Կամ թե չէ՝ իշխանությունները վախեցե՜լ են: Վայ թե՝ լեղապատառ են եղել, գիտեք:
Իսկ ծրագիրը՝ «լայն համախմբում» գլուխ բերել, ինչպես Գյումրիի, այնպես էլ Վանաձորի պարագայում կարող էր ու ինչ-որ տեղ, դեռ կարող է աշխատել: Գաղտնիք չէ, որ այս խոշոր քաղաքներում վերջին ընտրությունների ժամանակ իշխանությունները պարտվել են կամ առնվազն, չեն ունեցել իրենց ակնկալած արդյունքները: Դա հուշում է, որ եթե ընդդիմադիր ուժերը խելացի ու հեռատես գտնվեն ու գտնվեին, ի լրումն՝ իսկականից քաղաքական ուժ լինեին, ապա ճիշտ աշխատանքի դեպքում կարող էին (գուցե դեռ կարող են) առանձին քաղաքներում դառնալ իշխանություն: Իսկ այսպես, անջատ-անջատ, նրանք ընդամենը կհասնեն այն բանին, որ կփոշիացնեն եղած «բողոքական ընտրազանգվածի» ձայները, իսկ հետո էլի կխոսեն իշխանությունների խանգարելուց կամ վախերից:
Ամեն դեպքում, քաղաքական իրականությունը ևս դաժան է, և ԳաԼԱ-ի մեծ ծրագրերը կարծես առաջին անգամ բախվեցին այդ իրականությանը՝ զարմանք պատճառելով հեռուստակուսակցություն նախաձեռնողներին: Չնայած, զարմանալի է նրանց զարմանքը, քանզի լրագրությամբ զբաղվելը նրանց պետք է որ վաղուց ու հստակ հուշած լիներ, թե ում և ինչերի հետ գործ ունեն, որ ամբիցիաներ կան, որ այս, որ այն: ԳաԼԱ-ն մեծ հույսերով ցանկացավ շուրջպար կազմել, բայց պարզվեց՝ հրապարակում ամեն մեկն ուզում է իր տրնգին պարել: Գյումրվա տրնգի, թե պարզապես տրնգի, էական չէ: Էականն այն է, որ դա մենապար է, այսինքն՝ առանձին դրսևորում, ամեն մեկը իրեն համար, ամեն մեկն՝ իր նեղ արահետով: