Քաղաքական  մեկնաբան

«Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով ՀԱԿ կազմավորմանը, նշում է, որ «ձևավորվեց անկուսակցականների մի հսկայական զանգված, ավելի մեծ, քան Կոնգրեսին անդամակցած բոլոր կուսակցությունների անդամների գումարը։ Հինգ տարվա ընթացքում, ի վերջո, մենք հիմա ունենք այս ձևավորված բանակը»: Իհարկե հայտնի փաստ է, որ ՀԱԿ-ը վայելում էր ոչ միայն դաշինքի անդամ 18 կուսակցությունների համակրանքը, այլև մեծ թվով ակտիվիստների, ովքեր որևէ կուսակցության չէին հարում, սակայն մեծ ակտիվություն էին ցուցաբերում: «Կուսակցությունների մասին» օրենքում նշվում է, որ կուսակցություն ստեղծելու նվազագույն շեմը 2000 անդամն է, իսկ դա նշանակում է, որ ՀԱԿ ընդհանուր «բանակը» կազմում էր նվազագույնը 360 հազար+ անկուսակցական համակիրները: Ինչպե՞ս է պատահում, որ ՀԱԿ-ն իր մեջքին այդպիսի զանգված ունենալով խորհրդարանական ընտրություններին ընդամենը 106. 903 ձայն է հավաքում՝ ՕԵԿ-ի սինդրոմ: Իհարկե ոմանք կասեն, թե ընտրությունները կեղծվել են, դա է պատճառը: Իսկ հնարավո՞ր է արդյոք Հայաստանում մոտ 400 հազար զանգված ունենալ ու չկարողանալ խնդիր լուծել, եթե այո, ապա այդ դեպքում սխալներն ու տապալումները պետք է փնտրել միայն ՀԱԿ-ի ներսում, ովքեր մշտապես հայտարարում էին, թե ցանկացած պարագայում իրենց խնդիրը լուծելու են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել