ՄՈՒՏՔ -ՎԵՐԱԴԱՐՁ ԵՐԵՎԱՆ
Երկար բացակայելուց հետո Երևան վերադառնալուց առաջ` անսովոր զգացողություն ես ունենում. կյանքը կարծես ոտնաթաթերից զսպանակվելով, ուզում է պոկվել իր ծանրացած տեղից, ուզում է ցատկոտել ու խայտալ, համբարձվել երկինք ու սահուն ճախրանքին անձնատուր` ձյան փաթիլքի պես հեզասահ կաթել քաղաքի շիկացած ասֆալտին, մաղաքամվել, ձուլվել, ցնդել, անէանալ: Այսպիսին է զգացողությունը Երևան վերադառնալուց առաջ` ինչպես եթե քեզանից առժամանակ խլված երազը անսպասելի ու փութկոտ հառնի քո առաջ: Ինչպես եթե անհնարինը իրականություն դառնա կամ իրականությունը վերափոխվի երազի: Ավաղ, մեր սպասելիքները հուզախախտ լինելու վտանգին են ենթակա, մանավանդ որ նրանցում շատ ավելի մեծ հակում կա դեպի չափազանցվածությունը, և իրականության հետ առաջին իսկ շփումից հօդս են ցնդում: Երբեմն ինձ թվում է, որ Երևանն ինձ չի ձգում իր տարածական կամ որևէ այլ հատկանիշով, այլ պարզապես որովհետև այնտեղ, անապահովության ու անելանելիության օրըստօրե ահագնացող այդ խառնարանում, հանգամանքների բերումով, սիրելի մարդիկ են դեռ բնակվում և քեզ հետ միասին կյանք մտած ու ճանապարհ անցածներն էլ դեռևս ավելի մեկտեղված են ու համախումբ, չնայած որ գնալով ավելի ու ավելի են նոսրանում, հալչում: Պարզա-պես վերադառնում ես այնտեղ, որտեղից սկիզբ ես առել, որտեղ արմատներ ես գցել ու այժմ էլ, բարալիկ ցողունի հանգույն տարուբերվելով, չգիտես արևի՞ն, թե՞ լուսնին ձգտես, վերընձյուղվես, սաղարթներդ տարածես ու բաղեղվես, մնա’ս, թե’ գնաս, ու եթե մնաս, ու՞մ համար մնաս և եթե գնաս` հանուն այդ ո՞ր մի երկրային բարիքի: …Մենք` երևանցիներս, անդառնալիորեն փոխվել ենք, սակայն ինքը` մեզ ծնած քաղաքը, զարմանալիորեն մնացել է նույնը, դարձել է ամեն ինչ հանդուրժող, համակերպվող, հնացել է, դեմքն ու հոգին կորցրել: Որտե՞ղ փնտրենք մեր հոգեկից Երևանը… Գուցե մեր մե՞ջ կամ մեր սիրելի մարդկանց հայացքներո՞ւմ: Հոգուց ընկել ենք, մարմինը երկինքներում պեղենք…
ՓԱՐԻԶ-ՎԻԵՆՆԱ ՏՐԱՆԶԻՏ
Այս աշխարհի դարձերեսին ապրում ենք` կանք,
Նրա խոտոր ճամփաներին քաջագիտակ,
Ասպատակում ենք օրնիբուն փողոց ու բակ,
Մխրճվելով քաղաքների երակը տաք:
Վերջին գիշերը Փարիզում,
Երևանյան հուշից կառչած,
Հոգիդ գգվում է, լափլիզում
Երգերդ գոց, վերքերդ բաց:
Կուզես սիրի’ր, կուզես ատի’ր,
Կուզես փակվի’ր ինքդ քո մեջ,
Գլուխդ առ, թող ու փախի’ր,
Մե’կ է` նա միշտ գտնում է քեզ:
Մեծ քաղաքի մայթեզերքին տևում ենք դեռ,
Նրա հոգու լուսափայլից առած թևեր,
Չափչփելով փողոցների ասֆալտը սև,
Հոգիդ մի բուռ դարձած ասես ու բնավեր:
Վերջին գիշերը Փարիզում,
Վերջին կանգառ, վերջին արկած,
Օ~ ինչ հախուռն էին անցնում
Կյանքի օրերը միգամած:
Հոգսաբեղուն գործի ժամին
Քաղաքն հանկարծ խուժում էր ներս,
Տակնուվրա անում հոգիդ
Ու չքանում մշուշի պես:
Ու երբ հակված թուղթուգրչին հայրենականչ,
Քո Երևանն ես վերհիշում հույզով անանց,
Փարիզն հանկարծ հառնում է հաղթ ու տիրական
Սրբում-տանում կարոտը քո խանդով մանկան:
Վերջին գիշերը Փարիզում,
Վերջին երգի վերջին մուսան,
Քեզ փայփայում է իր գրկում
Հրաժեշտի դողի նման:
Քաղաք սիրո, սրտի, հոգու,
Վայելչագեղ ու բարեգութ,
Օրերն անցնում էին անհոգ
Մայր Սենայի ափերի մոտ:
Լուսադեմին` կազմ ու պատրաստ, չվում ես դու,
Օտարուդուս հորիզոններ նվաճելու,
Հռենոսն ի վեր, Դանուբն ի վար` կայմդ թեքած,
Հուշն ես պեղում դու գետերի Հայոց Մեծաց:
Ծանոթ մշուշն ալպիական`
Մայր Դանուբի շնչից զատվող,
Քեզ պարուրում է դյութական
Վաղորդայնի նուրբ շղարշով:
Ետդարձ դեպի շրջանս յուր,
Քաղաքների գերին ես դու,
Որքան էլ որ փախչել ուզես,
Մե’կ է` քեզնից չես փախչելու:
Շրջանն այսպես փակվում է և դու վերստին
Հեռանում ես ու մոտենում վերջնագծին,
Քաղաքներից երես թեքած ու հոգնաբեկ`
Փնտրում ու չես գտնում հանգիստ երանավետ:
Ետդարձ դեպի շրջանս յուր,
Քաղաքների գերին ես դու,
Որքան էլ որ փախչել ուզես,
Մե’կ է` մի օր գալու ես տուն:
Շարունակությունն` այստեղ