
2012 թ.-ի ամենագեղեցիկ հարսանիքներից մեկը երգչուհի Արևիկ Ալավերդյանի և Հայկ Շահբազյանի ամուսնությունն էր: Այժմ նորաստեղծ ընտանիքն ապրում է Ֆրանսիայում:
ArmStar.am-ը զրուցեց երգչուհու հետ և պարզեց, թե ինչպես են Արևիկն ու իր ամուսինը նշելու Տյառնընդառաջն ու սիրո ամենագեղեցիկ տոներից մեկը` Սուրբ Վալենտինը, աշխարհի ամենառոմանտիկ քաղաք համարվող Փարիզում:
-Արևի՛կ, որքանո՞վ է Ձեր կյանքը փոխվել ամուսնությունից հետո:
-Ամուսնությունից հետո միակ և ահռելի փոփոխությունը եղել է Փարիզ տեղափոխվելս, ինչին դեռ փորձում եմ հարմարվել: Շատ եմ կարոտում երևանյան կյանքս, ընտանիքիս, ընկերներիս, բայց շատ չեմ տխրում, որովհետև կկարողանամ հաճախակի լինել Երևանում: Իսկ այստեղ ամուսինս ամեն ինչ անում է, որ ես ինձ երջանիկ զգամ: Ամեն ինչ հրաշալի է, ամուսնական կյանքը ևս…սիրո քաղաքում` սիրելիի հետ:
-Փարիզում պատրաստվո՞ւմ եք նշել Տյառնընդառաջը և, առհասարակ, հավատո՞ւմ եք այդ տոնի խորհուրդին:
-Անկեղծ ասած, ես այդ տոնն այդքան էլ չեմ սիրում և երբեք այն տոնելու ցանկություն չեմ ունեցել: Ցանկություն չեմ ունեցել թռնել կրակի վրայով և այլն… Անտարբեր եմ այս տոնի նկատմամբ: Այստեղ չեն նշում Տյառնընդառաջը, և դա ինձ ուրախացնում է:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Սուրբ Վալենտինի տոնին: Արդյոք պատրաստվո՞ւմ եք տոնել այն: 
-Ինչ վերաբերում է սիրո տոներին, ես մի փոքր տխրում էի այդ օրերին, քանի որ երբեք ամուսնուս հետ չենք նշել այդ օրերը…միշտ տարբեր երկրներում էինք լինում: Իսկ այս տարի, վերջապես, միասին կտոնենք: Մեծ կարևորություն չեմ տալիս այս տոնին, բայց, քանի որ այստեղ նշում են Վալենտինը, մենք ևս ռոմանտիկ մթնոլորտում կանցկացնենք այն: Շատ գեղեցիկ օր է սպասվում… Անպայման կփոխանակվենք նվերներով: Իմ կյանքի ամենահիշարժան Վալենտինը կլինի հենց այս տարի:
-Որոշակի պատրաստություններ տեսնո՞ւմ եք տոնին ընդառաջ:
-Ամուսինս հոգացել է, որ այդ օրը մաքսիմալ հիշարժան լինի` գեղեցիկ հագուստ, մոմեր, ծաղիկներ, նվերներ, ռոմանտիկ ընթրիք Փարիզի ռեստորաններից մեկում, հետո, անպայման, կզբոսնենք գիշերային Փարիզի լուսավոր փողոցներով…
-Ո՞րն է եղել Ձեր ամուսնու ամենահետաքրքիր սիրո խոստովանությունն ու ամենահիշարժան նվերը, որը նա երբևէ մատուցել է Ձեզ:
-Դժվարանում եմ հիշել նրա մատուցած ամենահետաքրքիր անակնկալը, որովհետև ամուսինս անակնկալների մեծ սիրահար է: Նրան երբեք առիթներ պետք չեն գեղեցիկ նվեր կամ քայլ անելու համար: Նրա հետ իմ ամեն օրը տոն է: Ամենահիշարժան սիրո խոստովանությունը նա արել է 2010 թ.-ին: Այդ տարի նա վերադարձավ Փարիզ, իսկ հաջորդ օրը «Skype»-ով շատ գեղեցիկ սիրո խոստովանություն արեց և առաջարկեց ամուսնանալ: Շատ էի տպավորվել և հուզվել, քանի որ ընդամենը մեկ օր էր անցել նրա մեկնելուց, երբ նա ասաց, որ ցանկանում է ողջ կյանքն ինձ հետ ապրել:
Շատ երջանիկ եմ և եթե կրկին ապրելու հնարավորություն ունենայի, էլի նրա հետ կանցկացնեի կյանքս….








