Գոռ Մինասյանի տան «գաղտնի» ֆոտոշարքը
Այս մի քանի օրերին համացանցում Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանի տան լուսանկարներ են պտտվում: Քննարկումները Գոռի բնակարանի վերաբերյալ հակասական են:
Այնուամենայնիվ արդյունքում եղավ այն, որ Գոռը և նրա մայրը կոչ արեցին հեռացնել իրենց տան լուսանկարները: Գոռի մայրը զայրացած է, որ առանց իրենց համաձայնության, լուսանկարներ են հրապարակվել ու այս ամեն ինչը շահարկման առարկա է դարձել: Մինասյանն էլ ասել էր. «Ես մեծ ու հասուն տղամարդ եմ, վաղն ամեն ինչ ինքս եմ անելու իմ ընտանիքի համար։ Ոչ մի բան պետք չէ ինձ նվիրել, կամ որևէ բարեգործություն անել ինձ համար։ Թող ոչ մեկը չանդրադառնա այս թեմային։ Ես ապրում եմ այնտեղ, որտեղ ինձ դուր է գալիս։ Դա ոչ մեկին չի վերաբերում, դա իմ անձնականն է»:
Անհասկանալի է նման տեռորի տրամաբանությունը: Առանց ինչ որ մեկին տեղյակ պահելու հրապարակել մարդկանց լոգարանն ու սանհանգույցը, առանց նախապես ճշտելու այս ամենի նախաբանը հրապարակել ֆոտոշարք ոչ այլ ինչ է քան պղտոր ջրում ձկնորսություն:
Մյուս կողմից էլ հարգանքի է արժանի ծանրորդի արժանապատվությունը: Չեմ կարող ասել, թե ով ինչպես կվարվեր այսպիսի իրավիճակում, սակայն Գոռն անգամ իր խոսքում է նշել, որ իր ընտանիքի հարցերը ինքը կարող է լուծել:
Սա կարծում եմ դաս կլինի, որ հաջորդ անգամ ինչ որ ականջահաճո կոչերից, հանրային դաշտում շահարկումներից առաջ, խորը մտածեն և նոր հրապարակեն մարդու անձնական կյանքի հետ խիստ առնչություն ունեցող լուսանկարներ ու մինչև նրա անունից պահանջներ բարձրացնելը նախապես հարցնեն նրա կարծիքը: