![]() |
| Քաղաքական մեկնաբան |
Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի Արտաշատի շտաբի պատասխանատուն հայտարարել է, որ «Դվին գյուղի գյուղապետի տեղակալն ու գյուղապետարանի աշխատակիցներից մեկը պոկել են սահմանված վայրում փակցված իրենց թեկնածուի նկարները»: Նախաքննությունը դեռ կպարզի, թե ով ու ինչ հանգամանքներում է օրենքը խախտել, սակայն եթե պարզվի, որ իսկապես գյուղապետի տեղակալը նման քայլի է գնացել, ապա նա ոչ միայն միջադեպից բխող իրավական պատասխանատվության պետք է ենթարկվի, այլև անհապաղ պաշտոնանկ արվի:
Այստեղ շատ կարևոր է ճշտել, թե արդյոք նա այդ քայլին գնացել է ինքնակա՞մ՝ սեփական նախաձեռնությամբ, թե՞ ինքն ու իր նմանները համապատասխան հրահանգավորումներ են ստացել: «Մանր ձկներ» որսալը դեռ չի նշանակում նմանատիպ միջադեպերի բացառում:
Այս միջադեպը կարևոր է նաև նրանով, որ իշխանությունները ընտրական գործընթացների մեկնարկից առաջ հրապարակային հանդես էին գալիս նախորդ ընտրություններից էապես տարբերվող ընտրությունների անցկացման խոստումով: Այս միջադեպի հետ կապված` իշխանությունների արձագանքը ցույց կտա, թե արդյոք նրանք հավատարի՞մ էին իրենց խոստմանը, թե՞ դրանք արտաքին լսարանին ուղղված ականջահաճո հայտարարություններ էին: Սա նաև լավ հնարավորություն է ապացուցելու, որ իրական պայքար կա «արջի ծառայություն մատուցողների» դեմ:
Իհարկե, նախորդ ընտրություններին նման դեպքերն այնքան շատ էին, որ թեկնածուների շտաբները չգիտեին՝ որ մեկին արձագանքել, սակայն դա չի նշանակում, որ այս ընտրություններին գրանցված մեկ-երկու դեպքը պետք է աչքաթող արվի:




