Գյուղատնտեսությունը մեր երկրի առաջատար տնտեսական ճյուղերից է: Ստանալով հարկային զգալի արտոնություններ, պետական մի շարք միջոցառումների շնորհիվ իրականացվող աջակցություն՝ գյուղացին հնարավորություն է ստանում ավելացնել իր բերքի ծավալները:
Այս շրջանում ընթացքի մեջ է ցորենի բերքահավաքը: Առափի համայնքի հնդկացորենի մշակումն իրականացվում է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի» (ENPARD) շրջանակում: Ծրագիրը հիմնականում նպատակաուղղված է նպաստել բարձրարժեք և ոչ ավանդական մշակաբույսերի արտադրությանը, ինչը թույլ կտա տեղական սպառողին ապահովել հայրենական մատչելի արտադրանքով: Ընդհանուր առմամբ, ENPARD ծրագրով հանրապետության 6 մարզում մշակվում է 510 հեկտար հնդկացորեն, որից 240 հեկտարը` Շիրակի մարզում:
Սպասվում է, որ այս տարի հնդկացորենի ցանքատարածություններում մեկ հեկտարից կստացվի միջինը 20-30 ցենտներ բերք: Առատ բերքին նպաստել է մոտ 3350 հեկտարով հացահատիկի ցանքատարածությունների ավելացումը, ինչպես նաև բերքատվության բարձրացումը:
Այդ առումով Շիրակը ՀՀ-ում առաջատար է, քանի որ ապահովում է երկրի ողջ արտադրության 25 տոկոսից ավելին:
Եթե նախորդ տարի մարզում արտադրվել էր 92600 տոննա ցորեն, ապա այս տարի սպասվում է, որ դրական ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավել կլինի 6-7 հազար տոննայով: