25 տարի առաջ Վանո Սիրադեղյանը բացատրում էր «Ղարաբաղ» կոմիտեի պառակտման պատճառը։ Կարծում եմ՝ բավականին համոզիչ բացատրություն էր։ Խոշոր շարժումներն իսկապես չեն կարող տևական լինել, հատկապես, երբ անցնում են իշխանության։ Իսկ իշխանություն նշանակում է քաղաքական պայքար, որի դեպքում պառակտումն անխուսափելի է։ Երևի նաև այդ պատճառով է, որ 88-ի շարժման ժողովրդական ընդգրկվածությունն այդպես էլ մնաց անգերազանցելի։

Ինչևէ։ Մի հատ աչքի անցկացրեք, հետաքրքիր է։ Համ էլ՝ հումոր կա մեջը։

Հատված ՀՀՇ 3-րդ արտահերթ համագումարում Սիրադեղյանի ելույթից։ 24 օգոստոսի, 1991թ.։ Մեջբերումն արված է «Հայք» շաբաթաթերթի 91թ. օգոստոսի 30-ի համարից։

«Ժողովրդի նվիրական իղձն էր հավերժ միասին տեսնել «Ղարաբաղ» կոմիտեն։ «Ղարաբաղ» կոմիտեն մեր ապստամբական ոգու պոռթկումն էր, մեր ժողովրդի քաղաքական պարզամտության ծնունդը, մեր՝ քաղաքականությունից հեռու ժողովրդի կոլեկտիվ ուսուցիչը, և այնտեղ հավաքվել էին քաղաքական տարբեր հայացքների տեր մարդիկ։ «Ղարաբաղ» կոմիտեն կարող էր միասնաբար բանտ գնալ, միասնաբար զոհվել, անհնարինի սահմանում «Ղարաբաղ» կոմիտեից հնարավոր կլիներ անգամ ջութակահարների անսամբլ ստեղծել, բայց մեկ քաղաքական կազմակերպության մեջ մնալ անհնար էր։ Շարժումը չէր կարող կազմակերպված ժողովրդից կազմակերպված կազմակերպություն ստեղծել երկու տարում։ Անհնար է։ Որովհետև մի կազմակերպվածությունը ընդդիմանում է մյուսին։ Թեկուզ մեռնելով՝ ընդդիմանում է, հակասություններն ու պառակտումներն անխուսափելի են»։

‪#‎Անկախություն‬

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել