Պարույր Հայրիկյանի հանդեպ մահափորձ կատարողներն այսօր հասան իրենց նպատակին: Դիտում էի «Ուրվագիծ» հաղորդումը, որտեղ Հայրիկյանն ինձ համար որպես գործիչ ուղղակի մահացավ: Սկզբից ուղղակի զվարճալի էր թվում, երբ նա պնդում էր, թե ի սկզբանե մոլորության մեջ գցելու համար անհեթեթ բաներ է ասել, որ կրակողը սլավոնական արտաքին ուներ, որ դա ռուսական իմպերիալիզմն է, և Պուտինը սրա մասին գուցե նույնիսկ չգիտի: Լավ, այդ անհաջող Ագատա Կրիստի մառազմը մի կերպ տարա: Հետո սկսեց ասել, որ դա իր անձնական գործն է՝ կդիմի, թե չի դիմի ՍԴ: Տպավորություն էր, թե նա որոշել էր իրենց տանը ընտրվել, այլ ոչ թե ՀՀ տարածքում: Լավ, դրան էլ ուշադրություն չդարձնենք: Հետո սկսեցին հարցերը: Առաջին հարցից հետո պրն. Հայրիկյանը սկսեց հեգնել և վիրավորել հարց տվողներին: Ու գնաց: «Ձեր պապաների, որոնք չոքում էին», էլ «ազիզ ջան», «բալիկ ջան», «այդ օրիորդին, գուցե տիկնոջը», «տեռորիստների հետ նույն մակարդակի ստոր» ու նման ոճով, այն մարդկանց հասցեին, ով այդ պահին գուցե չպատկերացնելով կամ սխալմամբ հարց էին ուղղել իրենց երկրի նախագահ դառնալու հավակնություն ունեցող մարդու: Պրն. Հայրիկյան, նման հեգնանք ու վերաբերմունք դրսեւորեիք 2003 թվականին, երբ Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան պողոտայում, իշխանությունը ժողովրդին էր ծեծում: Կամ 2008-թ մարտի 1-ին: Հայաստանի ինքնորոշումը ժողովրդի ձեռքբերումն է և ոչ անհատների: Մնացածը պատմություն է, որն, ինչպես գիտեք, ոչ ճշգրիտ գիտություն է: Իսկ հիմա Դուք հասարակության համար ուղղակի մեկն եք, ում վրա ընտրությունների ժամանակ կրակել են: Ու ինքն անձնական խնդիր ունի՝ դիմե՞լ ՍԴ, թե՞ ոչ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=292196360907427&set=a.101774263282972.1627.100003511952042&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել