Մի քանի տարի առաջ, մի սեմինարի ժամանակ Ս. Բաբայանն ասաց, թե երբ Արցախը չէր ենթարկվում Հայաստանյան կենտրոնական իշխանություններին՝ հողերի ազատագրման հարցում, ԼՏՊ-ն եկավ հանդիպման, որ համոզի (չեմ հիշում հիմա ազատագրվածը հետ տալու, թե նորը չազատագրելու հարցում)... Ս. Բաբայանը իր պատասխանը ԼՏՊ-ին նկարագրելիս մոտավորապես էս ասեց.
- Ես ասեցի հա, խնդիր չկա, եթե Ռուսաստանը մեզ կտա էսքան տանկ, էսքան զենք, էսքան էս, էս էն, մենք կկանգնեցնենք պրոցեսը էստեղ։
Ու շարունակում է. «դե ես գիտեի, որ նման բան չի անի Ռուսաստանը, ու ԼՏՊ-ն մերժում կստանա (դե իսկ եթե էդքան զենք զինամթերք տան՝ ավելի լավ), ու գիտեի, որ ԼՏՊ-ն տենց էլ չհասկացավ, որ իրեն մերժեցի (չեմ ուզում բառացի գրեմ ԼՏՊ-ի մասով Ս. Բաբայանի որակավորումները, որոնք էս պահին հիշում եմ, սահմանափակվենք մտքի բովանդակությամբ)։ ԼՏՊ-ն ասեց՝ լավ մի հատ խոսեմ, տեսնեմ ինչ են ասում»։
Ս. Բաբայանը շարունակեց՝ հստակեցնելով միտքը. «դիվանագիտության մեջ նման բան կա, երբ էնպես ես ասում այո, որը ՈՉ-ի արժեք ունի։ Այսինքն ասում ես այո, բայց առաջ քաշում այնպիսի պայմաններ, որոնք անհնար է իրագործել, ու ստացվում է, որ պատասխանդ իրականում ոչ է»։
Հիմա մեջբերեմ Բ. Սահակյանի էս վերջերս շրջանառվող խոսքից մի հատված.
«Մենք պատրաստ ենք անել փոխզիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը, եթե դրանք չեն հանդիսանում պատեհ առիթներ մեր հակառակորդի համար՝ մեզ վրա նոր հարձակումներ գործելու»- ասել է ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանը։»
Եթե բացենք բոլոր էդ «եթե»-ները, ստացվում է, որ Բ. Սահակյանն, ըստ էության ասել է, ինչպես հայտնի մեկ այլ գործիչ՝ «հնարավոր է, բայց՝ ՈՉ»։
Ասածս ի՞նչ է։ Դիվանագիտությունն ամեն մեկի խելքի բանը չի։ Հերիք պոլիծիկա խաղաք, ամեն մեկը թող իր գործով զբաղվի։
Հ.Գ.
Հարևան «պետության» տնտեսական որոշ ցուցանիշներ և նավթի և այլ հարցերով պայմանավորված որոշ տվյալներ և կանխատեսումներ, խոսում են այն մասին, որ մոտ երկու տարուց էնտեղ բավականին լուրջ ներպետական խնդիրներ են ի հայտ գալու։ Եթե երկու տարով կարելի է ուշացնել պատերազմը և այդ ընթացքում, թե ամրանալ և թե նպաստել թշնամու թուլացմանը՝ ներպետական տարաբնույթ խժդժությունների հրահրմամբ, ապա ինչու՞ ՝ ոչ։
Ամեն ինչ չի, որ էսպես պարզ ու միանշանակ է։
Հ.Հ.Գ.
Հիշեցնեմ, որ Կարսը առանց կրակոց տրվեց, որովհետև նախքան կռիվը թռուցիկներ էին տարածվել ամրոցի ներսում, թե միևնույն է ամեն ինչ վաճառված է, դավաճանված են, հարցը դիվանագիտորեն փակված է և անիմաստ է որևէ դիմադրություն, չկա ոչ մի շանս։
Հ.Հ.Հ.Գ.
Չկրկնենք պատմական սխալները, հիմա պետք է զբաղվել ամրացմամբ։ Իսկ պատերազմի ժամանակը՝ մենք պիտի պարտադրենք, ոչ թե մեզ պարտադրեն։