Մի քանի տարի առաջ Երևանի փողոցներում զբոսնող ավելի շատ պարսիկների քան հայերի տեսնելիս միգուցե և զարմանայինք: Իսկ այսօր այդ երևույթը ոչ միայն զարմանալի չէ, այլ նաև բավականին «սպասված»: Վերջին 2-3 տարիներին ավանդույթի պես մի բան է դարձել, որ մարտի վերջին շաբաթներին Հայաստան պետք է ժամանեն պարսիկները` նշելու իրենց Նոր տարին` Նովրուզ Բայրամը: Պարսիկների Նովրուզը Հայաստանում նշելը կարելի է համարել երկկողմանի շահավետ: Պարսիկների համար Հայաստանում այդ տոնը նշելը շահավետ է այն առումով, որ մեզ մոտ, ի տարբերություն իրենց երկրի, գները բավականին մատչելի են: Այստեղ նրանք իրենց շատ ազատ են զգում, կանայք կարող են առանց գլխաշորի ման գալ, կարող են ալկոհոլ օգտագործել, կանանց հետ կարող են միասին այցելել զվարճանքի վայրեր, ինչը չեն կարող իրենց թույլ տալ սեփական երկրում: Իսկ այ թե հայերի համար ինչքա՜ն շահավետ է պարսիկների Հայաստան ժամանելը, նույնիսկ ավելորդ է խոսելը: Էլ ու՞մ կարող են հայ տաքսու վարորդները Աբովյան փողոցից Խանջյան հասցնել և 5000 դրամ վերցնել: Քաղաքի կենտրոնում վարձով բնակարան տվողները էլ ումի՞ց կարող են մեկ շաբաթվա համար այդքան գումար պահանջել: Պարսիկների գալուն են սպասում Երևանի բոլոր հյուրանոցները, ռեստորաններն ու խանութները, վաճառականները…և նույնիսկ մարմնավաճառները: Ինչևէ, այս ամենի մեջ ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Պարսիկները փող ունեն, իսկ Հայաստանը` փողի կարիք, այնպես որ բոլորին ՓՈՂշահավետ գործարքներ )))
Ինձ անհանգստացնում է մեկ այլ երևույթ: Դա հայ աղջիկների վերաբերմունքն է պարսիկ երիտասարդների հանդեպ: Եթե մի փոքր ուշադիր լինեք, կամ գուցե արդեն բազմիցս նկատած կլինեք, թե մեր հայ աղջիկները ինչպիսի «հիացական» հայացքներով են նայում իրենց կողքով անցնող պարսիկ տղաներին: Էլ չեմ խոսում պարսիկների հետ արդեն մի փոքր «ընկերացած» աղջիկների վարքի մասին: Անարդար չլինելու համար նախքան մեղադրելը փորձենք հասկանալ աղջիկների նման վարքի պատճառը, միգուցե հասկանա՞նք նրանց…Գաղտնիք չէ, որ բոլոր մարդիկ էլ երազում են սիրելու և սիրված լինելու մասին, իսկ իգական սեռի ներկայացուցիչների մոտ այդ երազանքներին գումարվում է նաև ամուսնանալու երազանքը: Եվ այդ երազանքը շատ բնական է: Իսկ ու՞մ մասին են երազում աղջիկները: Դե իհարկե «սպիտակ ձիով ասպետի» մասին, ով կգա հեռավոր երկրներից, կգտնի նրանց, կերջանկացնի…և նրանք կապրեն երկար ու երջանիկ և կմեռնեն նույն օրը: Երևի թե մեր հայուհիների համար այդ «սպիտակ ձիով ասպետի» կերպարում են ներկայանում օտարազգի երիտասարդները, իսկ տվյալ դեպքում պարսիկները: Նրանց գայթակղում է հարուստ և ապահովված ամուսին ունենալու միտքը և այլ երկրում ապրելու «ռոմանտիկ» գաղափարը…Իսկ հիմա վերադառնանք իրականություն: Չեմ կարծում, որ պարսիկները Հայաստան են գալիս այստեղից հարսնացուներ տանելու նպատակով (միգուցե մի քանի «երջանիկ պատահականություններ» լինում են): Նրանք շատ խիստ կրոնական ավանդույթներով են դաստիարակված և չափազանց կարևորում են ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, մի հատկանիշ, որի մասին հայ հասարակության մի մեծ խավ ընդհանրապես չի հիշում: Մի քանի օրից կավարտվի Նովրուզը և նրանք կհեռանան` իրենց հետ տանելով «հայաստանյան խրախճանքներից» լոկ հիշողություններ: Իսկ դուք շարունակելու եք ապրել ՀԱՅ հասարակությունում, դուք եք ապագա ՀԱՅ ՄԱՅՐԵՐԸ, դուք պետք է ձեր զավակների մեջ սերմանեք հայրենասիրություն և բարոյականություն:
ՍԹԱՓՎԵՔ, ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ՆՊԱՏԱԿԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՄԻՋՈՑՆԵՐԸ
Անի Հակոբյան