Ցանկացած համագործակցության հիմքում վստահությունն է,առավել ևս երբ խոսքը գնում է Հայաստանի պես փոքր երկրների մասին, որտեղ առկա է միջազգային ներդրումների կարիք:
Օրերս ամփոփվեց Եվրոպական միության թվինինգ ծրագիրը՝ Հայաստանում երկամյա համագործակցությունը ֆինանսական կառավարման, հսկողության և ներքին աուդիտի ոլորտում:
Մեկ միլիոն եվրո բյուջեով մեկնարկած ծրագիրի խորհրդատու, Շվեդիայի ազգային ֆինանսական կառավարման մարմնի ներկայացուցիչ Անդերս Նիլսոնը բարձր գնահատեց հայ փորձագետների արհեստավարժությունը: Նման գնահատականը շատ կարևոր է,քանի որ համագործակցությունը ծավալվել է ներքին ֆինանսական հսկողության համակարգի ներդրման ուղղությամբ և փաստացի ուսումնասիրության են ենթարկվել ներկայիս գործընթացները:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա հերթական պրեսռելիզային հայտարարությունն է, սակայն խորը ուսումնասիրության դեպքում կարելի է առաջ բերել մի շատ կարևոր նրբություն:
Երբ խոսվում է ֆինանսական վերահսկողության բարձր արդյունավետության մասին, դա նշանակում է, որ առկա է դրական հեռանկար ՝ ներդրումների և համագործակցությունների շրջանակներում:
Սա մի կաթիլ է «տեղեկատվական ծովում», սակայն եվրոպական կազմակերպությունների կողմից նման հայտարարությունները չեն կարող վստահություն չներշնչել կամ չազդել մի շարք ներդրող կազմակերպությունների վրա: Բացի դրանից, դա կարող է դրականորեն անդրադառնալ ՀՀ-ի միջազգային վարկանիշի վրա, իսկ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ֆինանսական մի շարք կազմակերպությունների կողմից կազմվող հաշվետվությունները առանցքային դեր են խաղում ներդրումային գործընթացում: