
Լոս Անջելեսում այսօր արդեն կայացել է «Գրեմմի» 2013-ը: Ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության 55-րդ արարողության արդյունքում ցանկալի արձանիկները ստացան 81 արտիստներ:
Եվ այսպես, «Տարվա հիթ» անվանակարգում հաղթեց «Fun» խումբն իր «We are Young» երգով: Այս խումբը հաղթող ճանաչվեց նաև «Տարվա հայտնություն» անվանակարգում:
«Լավագույն դուետ» անվանակարգում մրցանակի արժանացան Գոտյեն և Քիմբրան իրենց «Somebody That I Used To Know» երգով: Գոտյեն նաև ստացավ մրցանակ «Լավագույն ալտերնատիվ ձայնասկավառակ» անվանակարգում:
Ինչպես և ենթադրվում էր, երգչուհի Ադելը ևս զերծ չմնաց «Գրեմմի» մրցանակից: Սակայն, ի տարբերություն անցած տարվա, իր համար այդքան էլ կարևոր անվանակարգ չէր: Ադելն արժանացավ «Լավագույն փոփ կատարում» մրցանակին, իսկ «Լավագույն ռոք կատարում» անվանակարգում հաղթեց «The Black Keys» խումբը` «Lonely Boy» երգով: 
«Mumford & Sons» խմբի «Babel» ալբոմը մրցանակի արժանացավ «Տարվա ալբոմ» անվանակարգում, իսկ «Տարվա լավագույն փոփ ալբոմ» ճանաչվեց Քելլի Քլարքսոնն իր «Stronger» ձայնասկավառակով:
«Լավագույն ռեփ ստեղծագործություն» և «Ռեփի լավագույն կատարում» անվանակարգերում հաղթող ճանաչվեց Կանյե Ուեստի և Jay-Z-ի «N****s In Paris» հիթը:
«Գրեմմի» մրցանակաբաշխությունն ամեն տարի անցկացվում է ԱՄՆ-ի ազգային ձայնագրման ակադեմիայի նախաձեռնությամբ: Մրցանակաբաշխությունը, որն անց է կացվում սկսած 1957 թ.-ից, մրցանակներ է հանձնում տարվա ընթացքում աչքի ընկած կատարողներին` անկախ նրանց կոմերցիոն հաջողություններից և հիթ շքերթներում զբաղեցրած հորիզոնականերից:












