Փաստորեն ՀՀ-ն էս տարիների ընթացքում ինչ մասնագետներ պատրաստել-չի պատրաստել, բայց հռետորների պակաս ընդհանրապես չունի: Ազատության հրապարակը վերջին շաբաթվա ընթացքում վեր է ածվել ազատ բեմի, որտեղ, ինչպես ցույց են տալիս այնտեղ ամեն երեկո տեղի ունեցող ակցիաները, հավաքվում են առավելապես դերասաններ, ասմունքողներ ու ռեժիսորներ, ինչպես նաև դերասանական տաղանդ ունեցող ու փոքր ժամանակվանից դերասան դառնալ երազող մարդիկ:
Ուղղակի մի ընդհանուր գիծ կա էս հավաքներում, որ ելույթ ունեցողն անպայման պետք է Սասնա ծռեր խմբի անդամների անունները տա: Ով պատրաստ է դրան, նրան հատկացվում է բարձրախոս: Ով ստանում է բարձրախոս, ծովը դառնում է ծնկներից, մի պաթետիկ խոսք, մի ոգևորություն, Աստծուն, ժողովրդին ու Սասնա ծռերին խառնում է իրար:
Հիմա էս անհասկանալի ու, որ ավելի կարևոր է, անօգուտ իրավիճակը ինչի՞ հետևանք է՝ ազատ խոսքի իրական առկայությա՞ն, հանրահավաքային մշակույթի չափից դուրս զարգացած լինելո՞ւ, թե՞ բնազդային ինքնակազմակերպման անհաջող դրսևորում է:
Ինչու եմ ասում անօգուտ, որովհետև այս գործընթացն արդեն դուրս է եկել հանրահավաքների ու քաղաքական պահանջների ընդհանուր կոնցեպտի տրամաբանության սահմաններից: Այն ոչ մի տեղ չտանող գործընթաց է, որն անարդյունք մարելու է: