Այսօր Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Ժիրայր Սեֆիլյանին հասցեագրված պատասխան նամակ-գրառմամբ: Վերլուծելով վերջին շաբաթներում տեղի ունեցածը Ն. Փաշինյանը հանգում է եզրակացության, որ Հիմնադիր խորհրդարանի անդամները իշխանությունների հետ բանակցությունների ընթացքում, ինչպես նաև այդ փուլում գործածվող հռետորաբանության մեջ թույլ են տվել քաղաքական կոպիտ սխալներ, որոնք լրջագույն ազդեցություն են ունեցել քաղաքական իրավիճակի վրա:

Այնուհետև Փաշինյանը հավելել է. «Հարկ է ընդգծել, որ հուլիսի 22-ից հետո հարթակից չի հնչել Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու որեւէ ճանապարհային քարտեզ, ինչը բերել է ժողովրդական շարժման թուլացմանը եւ «Սասնա ծռերին» այլ ելք չի թողել, քան հանձնվել իշխանություններին»:

Ընդհանուր առմամբ, այն տպվորությունն է, որ Սասնա ծռեր խումբը գնացել էր այդ քայլին, ՊՊԾ գնդից դուրս չունենալով կազմակերպչական ակտիվ: Քանի որ մի քանի օր շարունակ Ազատության հրապարակում ու Խորենացի փողոցում հավաքվող ցուցարարները մնացել էին մի քանի երիտասարդ ակտիվիստների հույսին, ովքեր, ինչպես ցույց տվեց ժամանակը, այսպիսի իրավիճակում ի վիճակի չէին լուրջ կազմակերպչական գործողություններ իրականացնել:

Ավելի ուշ, նորից անհասկանալի ու առեղծվածային պայմաններում ի հայտ եկան Ժառանգության անդամներ ու ևս մի քանի այլ քաղաքական կերպարներ, այդ թվում առաջին իսկ օրերից շարժման շուրջը պտտվող Ղարաբաղ կոմիտեի անդամ Ալբերտ Բաղդասարյանը, ովքեր փորձեցին առաջնորդել հավաքվածներին: Բայց այդ անձինք, ինչպես պարզվեց, նույնպես անպատրաստ էին զարգացումներին:

Եվ այդ անպատրաստության ու ճանապարհային քարտեզի բացակայության ուղղակի հետևանք է այն, որ ՊՊԾ գնդից դուրս տեղի ունեցող զարգացումները ստիպեցին Սեֆիլյանի կողմնակիցներին վայր դնել զենքը առանց նախագահ Սարգսյանի հրաժարականի պահանջի կատարման: Այսպիսով՝ եթե չընդունենք այն թեզը, որ ամեն ինչ ծրագրված է եղել խիստ թերի, ուրեմն ստացվում է, որ Սասնա ծռերը դիմել են արկածախնդրության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել