Իրանում մահապատժի են ենթարկել միջուկագետ գիտնական Շահրամ Ամիրին, ով հայրենիք էր վերադարձել ԱՄՆ-ից: Այս մասին տեղեկացնում է BBC News-ը:
Ամիրի մայրը հայտնել է, որ ընտանիքին են վերադարձրել որդու մարմինը՝ պարանոցին կախաղանի ենթարկվածի հետքեր, այնուհետև որդուն հուղարկավորել են:
Ամիրին ծնվել է 1977թ., 2009թ. Մեքքա կատարած ուխտագնացությունից հետո նա անհետ կորել է: Մեկ տարի անց նա հայտնվել է ԱՄՆ-ում՝ հայտարարելով, որ իրեն առևանգել են և ստիպել ԿՀՎ-ին հանձնել գաղտնի տեղեկատվություն: Որոշ տվյալներով՝ նա Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ խորը գիտելիքներ է ունեցել:
Ավելի ուշ Ամիրին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ում իրեն հաջողվել է խուսափել հետապնդումից: 2010թ. գիտնականը վերադարձել է Թեհրան, որտեղ նրան դիմավորել են որպես հերոսի: Շուտով, սակայն, իշխանությունները նրան ձերբակալել են և 2011-ին մեղադրել պետական դավաճանության մեջ:



