Ես դանդաղ, բայց խիստ հիմնավոր կորցնում եմ բանականությունս:
Հիմա էլ Անդրիասն է սկսել խլել Հայրիկյանի հացը, նա ուժեղ շանտաժ է անում առ այն, որ եթե Աշոտյանն իրենից ներողություն չխնդրի, ինքը չի համագործակցելու առողջապահության նախարարության հետ:
Ժող-ֆոլկլորը կասեր` ջհանդամիս:
Բայց քանի որ ինքս հարգանքով եմ վերաբերվում իրեն եւ իր քաղաքական տեխնոլոգիային, ուզում եմ հասկանալ` իր ասածների մեջ որն է որից հետո, առողջապահությունը, Հիպոկրատն ու իր ծանր գլխարկը, թե` Աշոտյանն ու պոպուլիստական ակցիան. որ վեր կենամ-գնամ Աշոտյանի դուռը, ասեմ` քե մատաղ, քե մատաղ, հինչ կիլի, ներողություն ասա` էս մի դարդից էլ պրծնենք: 
Հո ազգովին չենք խելագարվելու էս թեկնածուների ձեռը. մեկն էպոսագետ է, տունն է «ռեմոնտ» անում` ոչ լեգալների հետ, «մույսը» անձի երկվությամբ է տառապում, երրորդը` «ցելոֆանի» տոպրակն առած, այլմոլորակայինի նման նստում է ԿԸՀ-ի դռանը, էս մեկն էլ` ըհ`ըն:
Չի համագործակցում: Առողջապահության հետ: Հո Մոսադը եւ կամ` Մեծ Արեւելքը, եւ կամ Բիլդեբերգյան ակումբը չէ՞:
Համագործակցի էլի, ինչ կլինի՝ «հարկադրվի», պրծնենք, դու գնա քո գործին, մենք` մեր:
Մեղք ենք չէ՞:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել