Քաղաքականությունը չի ընդունում ոչ համակրանքներ, ոչ էլ հակակրանքներ։ Նրա սկզբունքը չոր հաշվարկն է և սկզբունքայնությունը, որը երբեք չեն դրսևորել այս քսանհինգ տարվա կառավարությունները։ Ցանկացած երկիր իր անկախությունն ապահովում է իր զինված ուժերով։ ԵՎ որևէ տարածաշրջանում խաղաղությունն ապահովվում է միայն դրացի երկրների զինված ուժերի հավասար կարողություննների դեպքում։ Արդյոք մեր երկրի զինված ուժերի սպառազինության, մարտունակության և բանակային կարգապահության մակարդակն ավելի բարձր է, քան թուրքիայի և Իրանի զինված ուժերինը․․․ Բոլորին է հայտնի, որ այս բոլոր ցուցանիշներով ՀՀ բանակը զիջում է մեր երկու հարևաններին։ Միայն անուղեղը և քաղաքականությունից իսպառ տգետը կարող է խոսել ՀՀ անկախության հնարավորության մասին՝ զինված ուժերի մարտունակության համար որպես չափանիշ ֆիքսելով ադրբեջանին․․․ Սա նշանակում է, որ մեր երկիրը քսանհինգ տարի ղեկավարել են անուղեղ ու տգետ մարդիկ․․․ Մինչդեռ այս քսանհինգ տարվա ընթացքում հնարավոր էր ստեղծել այնպիսի մի բանակ, որը բոլոր ցուցանիշներով նույնիսկ ավելի բարձր լիներ, քան մեր հարևանների բանակները․․․ Բայց դրան հասնելու համար նախ պետք էր գիտակցել մեր ձգտումները, այն իրավիճակը, որի դեպքում միայն հնարավոր է ապահովել մեր անկախությունն ու հասարակության բարեկեցությունը, և հասկանալ, կռահել շահագրգիռ բոլոր պետությունների ձգտումներն ու նպատակները, իսկ որոշ դեպքերում առաջարկել կամ ստեղծել նոր շահագրգռություններ, որը ցանկացած պետության արտաքին քաղաքականության անկյունաքարն է․․․ Սակայն այս ամենով երբեք չեն զբաղվել և չեն էլ գիտակցել մեր բոլոր կառավարությունները։ Ավելին, նրանք ֆիզիկապես չեզոքացրել կամ հոգեպես ընկճել ու կոտրել են բոլորին, ովքեր իրենց մտային և հոգեկան կարողություններով ի վիճակի էին իրագործել այդ ամենը։ Այդ քսանհինգ տարվա իշխանությունների միակ նպատակը եղել է իշխելն ու բյուջեն յուրացնելը, և նրանք համագործակցել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների հետ միայն այս շրջանակներում, այսինքն՝ պետության քաղաքականությունը սահմանափակել են իրենց իշխանությունն ավելի ամուր պահելու և հնարավորինս ավելի մեծ գումարներ գրպանելու <<սկզբունքով>>․․․ Հայ ժողովուրդն անվերադարձ կորցրեց մի ամբողջ քսանհինգ տարի․ պատմության համար գուցեև ոչինչ, բայց պետության և ժողովրդի համար իր պապերի ու սերունդների նվիրական երազանքը՝ հզոր ու անկախ հայրենիք, որտեղ Հայ մարդն իրեն ավելի լավ ու երջանիկ կզգար, քան աշխարհի ցանկացած երկրում․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: