Հայրիկյանի դիմումը ՍԴ-ից հետ վերցնելու պատճառը հայտնի էYerkir.am-ը նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբի անդամ Վրեժ Զատիկյանից փորձել է պարզել, թե ինչո՞ւ Հայրիկյանը ՍԴ-ից հետ վերցրեց իր դիմումը:

«Մենք մինչեւ վերջին պահը վստահ չէինք, թե ինչ ենք ուզում անել: Դրա համար, քանի որ երեկ էլ ՍԴ դիմելու վերջնաժամկետն էր, դիմեցինք, որպեսզի հետո հանկարծ այնպես չլինի, որ դրա կարիքը լինի, արդյունքում` հնարավորություն չլինի: Բայց իր երազանքն առաջին օրվանից եղել է այն, որ ընտրությունները չհետաձգվեն: Նա երեկ էլ ՍԴ դիմելուց ասաց, որ չուզելով է անում, եւ իր ուզածն է, որ ընտրությունները չհետաձգվեն: Եվ այսօր արդեն որոշեց, որ ընտրությունները չպետք է հետաձգվեն»,- հայտարարեց Վրեժ Զատիկյանը:

Հայրիկյանի նախընտրական շտաբի անդամը հայտնեց, որ դիմում ներկայացրել են զուտ ժամկետից ելնելով, որ «եթե այսօր որոշեին դիմել, ուշ չլինի»: Նա պատմեց, որ երեկ եւ այսօր մտածել եւ որոշել են, որ դիմումը պետք է հետ վերցնեն:

Հարցին, թե այդուհանդերձ, ինչո՞ւ Հայրիկյանը որոշեց ընտրությունները չհետաձգել, Վրեժ Զատիկյանը պատասխանեց. «Որ որեւէ այլ ժամանակ ինչ-որ մեկը տեռորի միջոցով չկարողանա ՀՀ ընտրությունների վրա ինչ-որ ձեւով ազդել»:

Ի դեպ, Վրեժ Զատիկյանը դեռ վերջացած հարց չի համարում միասնական թեկնածուի ձեւավորումը` չնայած նրան, որ ե՛ւ Բագրատյանը, ե՛ւ Հովհաննիսյանը, կարծես, այդքան էլ հակված չեն դրան:

Նշենք, որ Պարույր Հայրիկյանը շարունակելու է իր քարոզարշավը:

Աղբյուրը՝ Yerkir.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել